Անընդունելի ենք համարում անհիմն ոտնձգությունները դիվանագիտական անձնակազմի պատասխանատու ծառայության նկատմամբ. Աննա Նաղդալյան
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Հայաստանի դիվանագիտական ծառայության հասցեին վերջին շրջանում հնչող քննադատությանը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել «Հայկական ժամանակ»-ին:
– Ազգային ժողովում բուռն քննարկում էր ՀՀ դեսպանների հետ կապված։ Վերջին շրջանում հնչում ենք նաև տարբեր հայտարարություններ Հայաստանի դիվանագիտական ծառայության մասին: Չե՞ք կարծում, որ ՀՀ դիվանագիտական կորպուսն ուժեղացման կարիք ունի, ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ։
– Արձագանքելով վերջին շրջանում Հայաստանի դիվանագիտական ծառայության արհեստավարժությունը կասկածի տակ դնող մի շարք հայտարարություններին, կցանկանայինք ընդգծել, որ Արտգործնախարարությունը փորձելու է հնարավորինս չանդրադառնալ բոլոր մերկապարանոց մեղադրանքներին, քանի որ երբ դրանք զուրկ են որևէ հիմքից ու փաստից, ապա անհասկանալի է, թե ինչին պետք է վերաբերի մեր պատասխանը` նման մեղադրանքների դատարկությանը, թե դրանք արտաբերող անձանց կողմից հետապնդվող իրական նպատակներին: Երկու դեպքում էլ բանավեճի մեջ ներքաշվելը համարում ենք մեր ժամանակի ու ուժերի անիմաստ վատնում:
Բազմիցս հայտարարել ենք, որ ԱԳՆ-ն բաց է կառուցողական առաջարկների և դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված քննադատության համար: Սակայն, անընդունելի ենք համարում անհիմն ոտնձգությունները Հայաստանի դիվանագիտական անձնակազմի նվիրված ու պատասխանատու ծառայության նկատմամբ, հատկապես վերջին ամիսներին ԱԳՆ-ում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ֆոնին:
Ընդգծեմ, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը 27 տարվա պատմություն ունեցող, նվիրված մասնագետներից կազմված կուռ կառույց է, որը հպարտորեն կատարում է ամենօրյա իր աշխատանքը` ծառայելով հանրությանը: