Գերմանիան ռեկորդային թվով փաստականների է արտաքսել ԵՄ-ի երկրներ. Suddeutsche Zeitung
Գերմանիայի իշխանությունները 2018 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակաշրջանում ավելի քան 8,6 հազար ապաստան փնտրողների են վտարել Եվրամիության այլ երկրներ: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է Suddeutsche Zeitung թերթը՝ վկայակոչելով Միգրացիայի եւ փախստականների հարցերիդաշնային գերատեսչության պատասխանը Ձախ կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Յելպկեի համապատասխան հարցին:
Նրա տեղեկությունների համաձայն, ԳԴՀ-ի համար սա արտաքսման պատմական առավելագույն ցուցանիշն է ԵՄ-ի սահմաններում: Արտաքսվածների թիվն զգալիորեն աճել է նաեւ 2017 թվականի համեմատությամբ՝ 12 ամսվա ընթացքում 7 հազար 102-ից 11 ամսում հասնելով 8 հազար 658-ի: 2018 թվականին Գերմանիայում ապաստան տրամադրելու համար յուրաքանչյուր երրորդ խնդրագիրը ենթարկվել է Դուբլինյան համաձայնագրի պայմանին, այսինքն՝ ապաստան փնտրողի համար պատասխանատվությունն ընկել է ԵՄ-ի այլ անդամ երկրի վրա:
Այդ պայմանագրի համաձայն, կոնկրետ անձին ապաստան տրամադրելու հարցով պետք է զբաղվի այն երկիրը, որտեղ այդ մարդը գրանցվել է առաջին անգամ Եվրոպա ժամանելուց հետո: Ոչ լրիվ 2018 թվականի ընթացքում գերմանական BAMF գերատեսչությունը ԵՄ-ի այլ երկրներ է ուղարկել Գերմանիայում գտնվող փախստականների ընդունման ավելի քան 51,5 հազար հարցում: Ընդ որում՝ այդ հարցումներից ավելի քան 35 հազարին հավանություն է տրվել: Պաշտոնյաները նաեւ նշում են հարցումների կատարման բաժնի զգալի ավելացում: Եթե 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է որոշումների ընդհանուր թվի 15,1 տոկոսը, ապա 2018 թվականին այն հասել է 24,5 տոկոսի նշագծին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: