Բելֆաստում կինը գրեթե երեք շաբաթ ապրել է հաբերի փաթեթվածքը կոկորդում
Բելֆաստի (Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք) բնակչուհին 17 օր ապրել է կոկորդում մնացած ցավազրկող հաբերի դեղագործական փաթեթվածքով: Այս մասին գրել է BMJ Case Reports-ը:
Կինը բուժհիմնարկ է դիմել գանգատներով, թե օտար մարմին է զգում կոկորդում, անհարմարություն՝ կլլելիս եւ ցավ՝ պարանոցի շրջանում: Նա պատմել է, որ ախտանիշներն սկսվել են գիշերը ցավազրկող պատրաստուկ ընդունելուց հետո:
Զննումից, ռենտգենից եւ քթի խոռոչի ու քթաըմպանի ներզննական քննումից հետո բժիշկները ենթադրել են, թե պացիենտը հաբերը կլլելիս ճանկռել է կերակրափողը եւ համապատասխան բուժում են ընտրել:
Սակայն մի քանի օր անց կինը վերստին դիմել է հիվանդանոց նույն գանգատներով եւ գաստրոսկոպիայի ուղեգիր ստացել:
Մասնագետները կերակրափողի վերին մասում հայտնաբերել են հաբերով բլիստերը, որը գիշերվա կեսին նա պատահաբար կուլ է տվել: Բժիշկները հաջողությամբ կատարել են օտար մարմնի հեռացման վիրահատությունը:
Նշվում է, որ չնայած այն բանին, որ գրեթե երեք շաբաթ կնոջ կոկորդում պլաստիկի կտոր է եղել, նա սնունդ եւ ջուր ընդունելու խնդիրներ չի ունեցել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: