Պենտագոնը մտադիր է ՀՀՊ-ի տիեզերական բաղադրիչի ստեղծումն ավարտել 2020-ական թվականների երկրորդ կեսին
Միացյալ Նահանգները մտադիր է տիեզերքից հրթիռային սպառնալիքների հայտնաբերման միջոցների պատրաստի համակարգ ստեղծել 2020-ական թվականների կեսերին կամ վերջին մոտ: Հունվարի 17-ին կայացած ճեպազրույցում այդ մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Ռուդը։
«Փորձեր կանցկացվեն 2021, 2022 թվականներին, փորձեր ուղեծրում (…) եւ կարծում եմ, որ արդեն աշխատող համակարգը պատրաստ կլինի 2020-ական թվականների կեսերին կամ վերջին մոտ»,- հայտարարել է նա: Ռուդի խոսքով՝ հրթիռների հայտնաբերման միջոցների տեղակայումը տիեզերքում ԱՄՆ-ին անհրաժեշտ է, առաջին հերթին, այն բանի համար, որ դիմակայի հիպերձայնային զենքի սպառնալիքին:
«Առանձնապես Չինաստանը, բայց նաեւ Ռուսաստանը զարգացնում են հիպերձայնային զենքի տարածաշրջանային կիրառման հնարավորությունները, որոնց մենք պարտավոր ենք դիմակայել: Եվ խոսքը վերաբերում է ոչ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին»,- ասել է Ռուդը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 17-ին ներկայացրել է Հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի հետագա զարգացման նոր ռազմավարությունը՝ հայտարարելով, որ այն պետք է ունակ լինի կալանելու Միացյալ Նահանգների վրա արձակված ցանկացած հրթիռ, այդ թվում՝ թեւավոր կամ հիպերձայնային հրթիռ:
Պենտագոնի տարածած 108-էջանոց փաստաթղթում քանիցս նշված է, որ Միացյալ Նահանգներն այսուհետեւ չի ընդունի ՀՀՊ-ի իր միջոցների մշակման եւ ծավալման որեւէ սահմանափակում, ինչպես նաեւ հայտնաբերման միջոցներ, հնարավոր է նաեւ՝ կալանիչներ տիեզերք դուրս բերելու խնդիր է դրվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: