Բաժիններ՝

Թրամփը չեղարկեց ԱՄՆ-ի պատվիրակության ուղեւորությունը Դավոս

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակվող բյուջետային ճգնաժամի պատճառով չեղարկել է ամերիկյան պատվիրակության ուղեւորությունը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով (ՀՏՀ): Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի՝ հունվարի 17-ի հայտարարության մեջ:

«Քանի որ 800 հազար հիանալի ամերիկացի աշխատողներ աշխատավարձ չեն ստանում, ինչպես նաեւ իր թիմի աշխատանքը պատշաճ մակարդակով ապահովելու համար, Թրամփը չեղարկեց իր պատվիրակության ուղեւորությունը Շվեյցարիա՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով»,- ասել է նա: Սկզբնապես ենթադրվում էր, որ ՀՏՀ-ում ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի Թրամփն ինքը: Սակայն հունվարի 10-ին նա Twitter-ում գրել է, որ կշեղարկի այդ այցը ամերիկա-մեքսիկական սահմանի նկատմամբ հսկողության խստացման շուրջ Սպիտակ տան եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի վեճերի պատճառով:

Ավելի ուշ ամերիկայն վարչակազմի երկու ներկայացուցիչներ հայտարարեցին, որ պատվիրակությունը կգլխավորեն ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն: Դրա կազմում պետք է ընդգրկվեին նաեւ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը, առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Քրիս Լիդելը: Անցած տարվա դեկտեմբերի 22-ից դաշնային կառավարության աշխատանքը մասնակիորեն դադարեցվել էր բյուջետային միջոցների բացակայության պատճառով:

Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում հանրապետականներին ու դեմոկրատներին չի հաջողվել համաձայնեցնել բյուջեի պարամետրերը, որում Թրամփը եւ նրա կուսակիցները վերջնագրի ձեւով ցանկանում են միջոցներ ներառել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու համար: Դեմոկրատները հայտարարում են, որ հավանություն չեն տա դրա համար դաշնային գանձարանից փող հատկացնելուն: Հանրապետական Թրամփի վարչակազմը պահանջում է այդ նպատակով հատկացնել 5,7 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս