Միքայել Զոլյանը ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ պայմանագրի վավերացման ձգձգման հարցում խնդիր չի տեսնում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ պայմանագրի վավերացման ձգձգման հարցում խնդիր չի տեսնում՝ առավել կարևորելով դրա արդեն ստորագրված լինելը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե ԵՄ անդամ երկրներն այս տարի դժվար թե հասցնեն վավերացնել ՀՀ-ԵՄ պայմանագիրը, Զոլյանը նշեց, որ դա ուղղակի գործընթաց է, որը բավական երկարատև է, որոշ երկրներ արդեն վավերացրել են, որոշ երկրներ՝ դեռ ոչ
«Շատ երկրներում օբյեկտիվ պատճառներով գործընթացը կարող է ձգձգվել, որովհետև մեծ է Եվրամիությունը: Այնպես չէ, որ նրանց համար ամենաառաջնահերթ հարցը մեզ հետ պայմանագրի վավերացումն է: Ընդհանրապես Եվրամիության հետ ցանկացած գործընթաց երկարատև է»,- ասաց Զոլյանը:
168.am-ի հարցին՝ պայմանագրի վավերացման ձգձգումից հնարավո՞ր է տուժեն ծրագրերի իրականացման աշխատանքները, Մ.Զոլյանը պատասխանեց, որ պարտադիր չէ, որ ԵՄ անդամ երկրները վավերացնեն համաձայնագիրը, որ մենք կյանքի կոչենք դատական համակարգի և մյուս ոլորտների բարեփոխումները: