«Քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա, որ դուք արդեն այլևս ահագին ժամանակ է՝ իշխանություն եք». Էդմոն Մարուքյանը՝ Ալեն Սիմոնյանին
Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անհիմն է համարում մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ հարցերում Էդմոն Մարուքյանի` իշխանությանն ուղղված մեղադրանքները: Սիմոնյանը չի հասկանում, թե Մարուքյանը կոնկրետ ինչի է ուզում հասնել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Մարուքյանն իր հերթին արձագանքում է` իշխանությունը պետք է պատրաստ լինի առողջ քննադատություն լսելուն:
Պատգամավորները այսօրվա ԱԺ նիստում առանձին ելույթներում հակադարձեցին միմյանց:
Էդմոն Մարուքյանն իր ելույթում մասնավորապես նշել էր, որ խնդիրներ է տեսնում Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված:
Ալեն Սիմոնյանն ավելի ուշ իր ելույթում անդրադարձավ Մարուքյանի բարձրացած հարցերին:
«Պարոն Մարուքյան, մարդու իրավունքներից եք խոսում: Ինչ-որ խնդիր կա՞, որ իշխանութունը չի զբաղվում: Նայեք, թե ում եք մեղադրում մարդու իրավունքների հետ կապված: Այստեղ Նարինե Թուխիկյանն է, որը մարդու իրավունքների հետ կապ չունի, Հակոբ Սիմիդյանն է, որը դրա պատճառով չի տուժել: Խմբակցությունում ունենք Սիսակ Գաբրիելյան, Թագուհի Թովմասյան, կարելի է ասել , որ մեր իշխանությունը մեծ մասամբ լրագրողներից է բաղկացած: Դուք եկել ում ի՞նչ եք ասում: Լսում էի Ձեր ելույթն ու ուզում էի հասկանալ, թե կոնկրետ ինչ ի նկատի ունեք»,-ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով Մարուքյանի այն մտքին, թե ֆեյսբուքում վիրավորանքներ են հնչում, Սիմոնյանը նկատեց, որ նստած պատգամավորներից յուրաքանչյուրի հասցեին լինում են թե լավ, թե վատ մեկնաբանություններ սոցիալական ցանցերում: Նա շեշտեց, որ Հայաստանում չի կարող լինել գրաքննություն:
Սիմոնյանն անդրադարձավ նաև ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին: Նա նկատեց` նախորդ իշխանությունն այն չէր ստեղծում, իրենք դա ստեղծել ու տրամադրել են ընդդիմությանը: «Այդ ի՞նչ խնդիր կա մարդու իրավունքների հետ կապած: Հիմա էլ եմ ասում, դիմում եմ բոլորին` վերջ տվեք մարդկանց վիրավորելուն»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանն այս ելույթն անարձագանք չթողեց: «Քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա, որ դուք արդեն այլևս ահագին ժամանակ է՝ իշխանություն եք: Իմացեք, որ ձեզ պետք է ասեն մարդու իրավունքների խախտումների հետ կապված, որովհետև դուք եք թիվ մեկ պատասխանատուն»,-նշեց Մարուքյանը: