Դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Կալիֆորնիա նահանգի նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քոքսին
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հունվարի 16-ին հանդիպել է Կալիֆորնիա նահանգի նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քոքսին: Դեսպան Ներսեսյանը շնորհավորել է Կոնգրեսական Քոքսին ընտրվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
Դեսպանը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող արմատական բարեփոխումները, մասնավորապես` արդարադատության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև 2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու միջազգային դիտորդական կազմակերպությունների բարձր գնահատականները:
Կողմերը կարևորել են ԱՄՆ Կոնգրեսի դերակատարումը ԱՄՆ արտաքին աջակցության ավելացման, ներդրումների խթանման, երկկողմ քաղաքական ու միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման հարցերում:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ համայնքի դերակատարումը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ու խորացման գործում: Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Քոքսը պայմանավորվել են շարունակել շփումները հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի հարցերի շուրջ: