Բաժիններ՝

Թեհրանը պահանջել է Վաշինգտոնից անհապաղ ազատել իրանցի լրագրողուհուն

ԱՄՆ-ը պարտավոր է անհապաղ ազատել Press TV հեռուստաալիքի լրագրողուհի Մարզիե Հաշեմիին, որը Վաշինգտոնում ձերբակալվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների կողմից: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որի խոսքը հունվարի 17-ին մեջբերել է Press TV հեռուստաալիքը:

«Հաշեմիի ձերբակալությունը խոսքի ազատության ուղղակի խախտում է եւ անմեղ մարդու նկատմամբ քաղաքական լիազորությունների չարաշահում: ԱՄՆ-ը պարտավոր է անհապաղ ազատել նրան»,- ասել է Զարիֆը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող լրագրողուհին «նաեւ Իրանի քաղաքացի է, ուստի Թեհրանն իրավունք ունի պաշտպանել նրա շահերը»: Նախարարի խոսքով՝ «նա անհիմն է ձերբակալվել ԱՄՆ-ում»:

Ավելի վաղ Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով Հաշեմիի որդուն, հաղորդել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները Մարզիեին ձերբակալել են այն պատճառով, որ նա կարեւոր վկա է դատաքննություններից մեկում: Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հունվարի 16-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ում Press TV հեռուստաալիքի իրանցի լրագրողուհի Մարզիե Հաշեմիի ձերբակալումն անօրինական է ու անմարդկային, իսկ նրա պահման պայմանները խախտում են մարդու իրավունքները:

Press TV հեռուստաալիքի հաղորդավարուհին ծնվել է ԱՄՆ-ում: Նա ուղեւորվել էր ԱՄՆ՝ տեսակցելու հիվանդ եղբորն ու մյուս հարազատներին: Մարզիե Հաշեմիի ազգականները հեռուստաալիքին պատմել են, որ նրա հետ չեն կարողացել կապվել 48 ժամվա ընթացքում եւ միայն հետո են իմացել ձերբակալման մասին: Հաղորդավարուհին ընտանիքի անդամներին հայտնել է իր նկատմամբ կոպիտ վերաբերմունքի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս