Հունվարի 1-ից նպաստի բարձրացման պատճառով մարդիկ չեն զրկվի նպաստ ստանալու իրավունքից
Կառավարությունը փոփոխություն կատարեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման մեջ, որով 2019 թվականի հունվարից կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով մարդիկ չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը նշեց, որ նախագծի նպատակն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական պաշտպանության բավարար մակարդակ ապահովելն է։
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման հավելվածով հաստատված է ընտանիքների անապահովության գնահատման կարգը, համաձայն որի ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվում են մի շարք բնութագրիչներ, որոնց թվում է նաև ընտանիքի եկամուտը:
«Ինչպես գիտենք, հունվարի 1-ից բարձրացել է կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացում, ինչը կանդրադառնա բազմաթիվ ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքի վրա:
Մասնավորապես, նախատեսվում է կենսաթոշակի նվազագույն չափը, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25500 դրամ։
Արդյունքում, առկա է ռիսկ, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքից կզրկվեն այդ ընտանիքների գերակշիռ մասը։ Օրինակ, հնարավոր է նպաստի չափն ավելանա 4 կամ 6 հազար դրամով, որի հետեւանքով ընտանիքը կզրկվի 18 հազար դրամի սոցիալական նպաստից:
Նշված փոփոխություններով հնարավոր կլինի խուսափել այդ բացասական հետեւանքներից»,- ասաց փոխնախարարը:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018-ի դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի կառնվեն 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով:
Նրա խոսքով, արդեն իսկ 64 հազար մարդ ստանում է 25500 դրամի նպաստ, եւս 20 հազար մարդ այդքան նպաստ կստանա, երբ համապատասխան օրենքում կարվի փոփոխություն: Դա կլինի մարտին, բայց հետադարձ ուժ ենք տալու: