ԱՄԷ պետնախարարը Նունե Սարգսյանին հրավիրել է Դուբայում անցկացվելիք գրքի փառատոնին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող տիկին Նունե Սարգսյանն Աբդու Դաբիում հանդիպել է ԱՄԷ պետնախարար Ռիմ ալ Հաշիմի հետ։
Տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։
Հանրապետության նախագահի տիկինը և պետնախարարը խոսել են երկու երկրների միջև մշակութային ու կրթական փոխգործակցության մասին։ Նշելով, որ Հայաստանում, և հայերն ընդհանրապես, մեծ ուշադրություն են դարձնում ազգային ավանդույթների ու պատմամշակութային ժառանգության պահպանմանը` տիկին Սարգսյանը ներկայացրել է Երևանի հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտի՝ Մատենադարանի պատմությունն ու գործունեությունը, տեղեկացրել, որ թանգարան-ինստիտուտում պահվում են հազարավոր, այդ թվում նաև արաբական ու իսլամական ձեռագրեր։
Հայտնելով, որ օրերս եղել է Շարժայի ժառանգության ինստիտուտում (Sharjah Institute for Heritage), որտեղ իրեն ցույց են տվել հին ձեռագրերի վերականգնման աշխատանքները՝ Նունե Սարգսյանն ընդգծել է, որ այս ոլորտում Հայաստանն ունի կուտակված մեծ փորձ։ Նա ԱՄԷ-ի փորձագետներին հրավիրել է Հայաստան՝ տեղում ծանոթանալու հայկական կողմի փորձառությանը, համագործակցելու հայ մասնագետների հետ։
ԱՄԷ պետնախարար Ռիմ ալ Հաշիմին իր հերթին նշել է, որ քաջատեղյակ է տիկին Նունե Սարգսյանի գործունեության մասին։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Հանրապետության նախագահի տիկինը նաև մանկական գրքերի հեղինակ է՝ ԱՄԷ պետնախարարը հրավիրել է տիկին Նունե Սարգսյանին, որպես պատվավոր հյուր, մարտ ամսին մասնակցելու Դուբայում կայանալիք գրքի փառատոնին։
Տիկին Նունե Սարգսյանն իր հերթին պետնախարար Ռիմ ալ Հաշիմին հրավիրել է Հայաստան՝ ծանոթանալու հայկական մշակույթին, ինչպես նաև խորացնելու հայ-էմիրաթական գիտակրթական կապերը։