ՍԴՀԿ-ն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը կուսակցության անունից շնորհավորում է Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Համաժողովրդական շարժման հաղթանակը և վերջին խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի արձանագրած տպավորիչ արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանի քաղաքացին Ձեզ է վստահում ավելի ժողովրդավար, տնտեսապես հզոր ու սոցիալապես արդար երկիր կառուցելու կարևորագույն առաքելությունը:

Այդ վստահության բարձր քվեն, անշուշտ, իր հետ բերում է մեծ ակնկալիքներ ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլ համայն հայության մոտ, մանավանդ հայրենիքի առջև ծառացած բազում ներքին և արտաքին խնդիրներին և մարտահրավերների պայմաններում:

Լիահույս ենք, որ պատասխանատվության բարձր գիտակցությամբ պիտի շարունակեք անշեղորեն գործադրել Ձեր նախանշած արմատական բարեփոխումները երկրի կառավարման տարբեր ոլորտներում, որպեսզի ավելի ամուր հիմքերի վրա դրվեն օրենքի գերակայությունը, արդարությունը, քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցությունը քաղաքական գործընթացներին՝ բացառելով վերադարձը նախկին անընդունելի իրավիճակին:

Կրկին շնորհավորում ենք Ձեզ և հետագա համագործակցության մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ ի փառս մայր հայրենիքի և հայ ժողովրդի»:

Տեսանյութեր

Լրահոս