Բաժիններ՝

Քաղաքապետարանը դիմել է Արդարադատության նախարարություն՝ պարգևավճարներ ստացած անձանց անունների հրապարակման պահանջի առնչությամբ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադառնալով «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հայտարարությանը, որ պատրաստվում է դատի տալ Հայկ Մարությանին, եթե վերջինս չհրապարակի այն անձանց անունները, որոնք ստացել են պարգևավճարներ, նշեց, որ անձի տվյալների գաղտնիության խնդիր կա, և նախորդ իշխանությունների ժամանակ այդ անձանց ցուցակները հրապարակվել է միայն մեկ անգամ, ինչը չի նշանակում, որ այն օրենքի խախտմամբ չի արվել։

«Այս կապակցությամբ մենք դիմել ենք նաև Արդարադատության նախարարությանը, որպեսզի լսենք իրենց կարծիքը։ Մենք անունները հրապարակելու հետ խնդիր չունենք, բայց մենք չենք ցանկանում խախտել օրենքը, որովհետև այդ մարդիկ կարող են մեզ արդեն դատի տալ։ Եթե նախկինում նման բաներ չէին կատարվում, ապա այժմ ազատ է, և յուրաքանչյուր ոք մեզ կարող է դատի տալ»,- ասաց Երևանի քաղաքապետը։
Հարցին՝ ամենաբարձր պարգևավճարը որքա՞ն է կազմում, Հ. Մարությանը պատասխանեց.

«Ճիշտն ասած, այս պահին բոլոր թվերը չեմ հիշում և մոտավոր ոչինչ չեմ ուզում ասել։ Մենք թաքցնելու բան չունենք, բոլոր որոշումները շատ թափանցիկ են, բացի նրանից, որ որևէ մեկի անձնական տվյալներին է վերաբերում»,- նշեց Հ. Մարությանը։

Հիշեցնենք, որ օրերս Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը կդիմի դատարան, եթե Հայկ Մարությանի չհրապարակի քաղաքապետարանի աշխատակիցների անունները, նշելով, թե ով որքան պարգևավճար է ստացել տարեվերջին։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս