Հարավային Կորեայում երրորդ օրն անընդմեջ արտակարգ միջոցներ են ձեռնարկում մթնոլորտի աղտոտման դեմ
Կորեայի Հանրապետության իշխանությունները երրորդ օրն անընդմեջ արտակարգ միջոցներ են ձեռնարկում մթնոլորտում առողջության համար վնասակար մանրադիսպերս փոշու մակարդակի իջեցման համար: Հունվարի 15-ին այս մասին հայտնել է երկրի կառավարությունը։
Շատ քաղաքներում մտցված են մասնավոր եւ առեւտրային ավտոտրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ, մինչեւ 80 տոկոս նվազեցված է ջերմային էլեկտրակայանների հզորությունը, որոնք մեծ ծավալների միկրոփոշի են արտանետում: Սովորաբար արտակարգ միջոցներ են ձեռնարկվում, եթե մթնոլորտում PM 2.5 մանր պինդ մասնիկների մակարդակը գերազանցում է մեկ խորանարդ մետրի հաշվով 50 միկրոգրամը, իսկ հաջորդ օրվա համար իրադրության բարելավում չի կանխատեսվում:
Երկիրն արդեն հինգերորդ օրն է, ինչ պարուրված է ծխամշուշով, իսկ աղտոտման մակարդակը տեղ-տեղ առավելագույն թույլատրելին գերազանցում է տասը եւ ավելի անգամ: Մարդիկ ջանում են առանց հատուկ կարիքի դուրս չգալ փողոց, իսկ հազվադեպ հանդիպող անցորդները դիմակներ եւ շնչադիմակներ են կրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: