Հայկ Մարությանը վստահեցնում է՝ արել են ամեն ինչ, որպեսզի Արամի 23 հասցեում գտնվող շենքը պահպանվի
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադառնալով Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանի հետագա ճակատագրին, որի պատն օրերս փլուզվել էր, տեղեկացրեց, որ ըստ օրենքի՝ պատմամշակութային շենքերի պահպանությունը և դրանց հետ կապված այլ հարցերը պետք է լուծեն այդ շենքերի սեփականատերերը կամ տնօրինողները, որին նաև հետևում է Մշակույթի նախարարությունը։
«Արամի 23 հասցեում գտնվող շենքի մասով կրկին գործում է նույն օրենքը։ Երևանի քաղաքապետարանի գործառույթն այդ շենքի հանդեպ նույնն է, ինչ մայրաքաղաքի բոլոր շենքերի հանդեպ ունեցած գործառույթները՝ մենք հոգում ենք բոլոր շենքերի մասին։ Այս ամենից զատ, այլ իրավասություններ չունենք, մեր իրավասությունների շրջանակներում արել ենք ամեն ինչ, որ այդ շենքը կանգուն մնա, և մնալու է»,- ասաց Հայկ Մարությանը։
Նրա խոսքով՝Արամի 23 հասցեում գտնվող շենքի սեփականատերը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» հ/կ-ն է, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանը։
«Նախորդ իշխանությունների կողմից թույլատրվել է, որպեսզի Արամի 23 հասցեում իրականացվեն շինաշխատանքներ, որի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունն արդեն դիմել է Դատախազություն, որպեսզի պարզի՝ կա՞ նորմերի խախտում, թե՞ ոչ։ Մենք մեր կողմից համագործակցում ենք բոլոր հետ, այդ թվում՝ Դատախազության, եթե նորմերի խախտում հայտնաբերվի, ապա այն իրականացնողները պետք է պատժվեն»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը։
Նա վստահեցրեց, որ շենքը պահպանելու համար Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում արել է ամեն ինչ՝ հանդիպել են կառուցապատող ընկերության գլխավոր ճարտարապետի հետ, քննարկել որոշ տարբերակներ։ Այսքանից զատ, ավելին չեն կարողացել անել, քանի որ դրա լիազորությունը չունեն։
Անդրադառնալով «Հին Երևան» ծրագրի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանի այն հայտարարությանը, որ Արամի 23 հասցեում գտնվող շենքը պետք է քանդվի, Հ. Մարությանը նկատեց՝ այդ շենքը չպետք է քանդվի, նման բան չկա։
«Բազմաթիվ քննարկումներով մենք հայտարարել ենք, որ այդ շենքը չպետք է քանդվի։ Լ. Վարդանյանը մեզ նման բան չի ասել, որ շենքը պետք է քանդվի, մեր լիազորությունների սահմաններում այնպես պետք է անենք, որ նման բան տեղի չունենա»,- եզրափակեց Հ. Մարությանը։
Նշենք, որ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում, Արամի 23 հասցեում շինարարություն է իրականացնում շվեյցարահայ Վարդան Սերմաքեշը, նա կառուցում է ստորգետնյա ավտոկայանատեղի և հյուրանոց։
Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքում 1995 թվականից իր գործունեությունն է ծավալում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։
Զվարթ Խաչատրյան