«Մնում է՝ սեփականատերը գա». Հեքեքյանը՝ «Փոքրիկ երգիչներ»-ին հատկացվող ժամանակավոր տարածքի մասին
«Արամի 23-ի հասցեի շենքի պատն իրենից ներկայացնում է պատմամշակութային արժեք, և ըստ օրենքի, այդ շենքերի հետ կապված պահպանության հարցերը պետք է իրականացնեն այդ շենքերի սեփականատերերը կամ տնօրինողները, դրան հետևում է նաև Մշակույթի նախարարությունը: Այսինքն՝ մենք հոգում ենք բոլոր շենքերի, այդ թվում` այդ շենքի մասին: Դրանից ավելի իրավասություններ մենք չունենք: Մեր իրավասությունների սահմանում արել ենք ամեն ինչ, որ այս շենքը կանգուն մնա, և մնալու է»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Քաղաքապետի փոխանցմամբ՝ իրենք իրենց լիազորությունների շրջանակում արել են ամեն ինչ շենքի ամրակայումն ապահովելու համար: «Մենք հանդիպել ենք կառուցապատող ընկերության գլխավոր ճարտարապետի հետ, իր հետ քննարկել ենք, թե ինչ ամրացումներ կարող են լինել, անընդհատ դիմել ենք, որ ամրացումներ անեն»,- ասաց նա:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի հայտարարությունն օրերս տեղադրվեց Քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ նա հայտնում է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունն Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը:
«Հիմա փորձում են մեզ ինչ-որ տարածքով ապահովել: Մաշտոցի պողատայում ժամանակավոր մի շենք էր ընտրվել դեռևս անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբերին, եթե դեռ ուրիշին չեն տվել՝ դա կընտրենք: Վերջին անգամ այդ շենքի հետ կապված խոսակցություն եղել է դեկտեմբերին: Եթե ուրիշին չեն տվել՝ Քաղաքապետարանը կբանակցի սեփականատիրոջ հետ: Մնում է՝ սեփականատերը գա, պայմանագիր կնքի, եթե, իհարկե, տարածքը դեռ ոչ ոքի չի տվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում շվեյցարահայ Վարդան Սերմաքեշի կողմից կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիի և հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վնաս են հասցրել Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքին, որը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին է պատկանում 1995 թվականից:
Շինարարության ընթացքում թուլացել է հողը, ինչի արդյունքում շենքի պատերին ճաքեր են հայտնվել:
Հունվարի 11-ին փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ):
Անի Կարապետյան