«Ստիպված ենք տվյալ դատավորի հետ միասին մասնակցել այս հարցի քննությանը». Հայկ Ալումյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

Դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ այսօր քննարկվում էր ներկայացված երկու միջնորդություն. առաջինը Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունն է, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է երկարացվի ևս երկու ամսով, մյուսը փաստաբանների ներկայացրած միջնորդությունն է՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Այսօր ևս Ռ. Քոչարյանի փաստաբանական խումբն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Արթուր Մկրտչյանին։

Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը երեկ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նշելով, որ Ռ. Քոչարյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի հետ ունի ընկերական հարաբերություններ, սակայն միջնորդությունը մերժվել էր, իսկ դատարանը հայտնել էր, որ իրենց հարաբերություններն այն աստիճանի չեն, որ խանգարեն գործի անաչառ քննությանը։
Սակայն այդ միջնորդությունը ևս մերժվեց։

Լրագրողների հետ զրույցում Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ ներկայացված միջնորդությունը մերժվել է այն հիմքով, որ դատարանի նախագահն իրավունք ունի իր որոշմամբ գործի քննությունը հանձնարարել հերթապահ դատավորներից որևէ մեկին։

«Մեզ համար այդ պատճառաբանությունն ընդունելի չէ, բայց սա մենք այժմ չենք կարող ո′չ բողոքարկել, ո′չ կարող ենք այլ միջոց ձեռնարկել։ Ստիպված ենք տվյալ դատավորի հետ միասին մասնակցել այս հարցի քննությանը»,- նշեց Հ. Ալումյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ երկու ժամով հայտարարվել է ընդմիջում, և նիստը վերսկսելուց հետո դատարանում կպնդեն, որպեսզի առաջինը քննվի գրավի միջնորդությունը։

«Մենք պնդում ենք, որ դատարանը սկզբում պետք է անդրադառնա գրավի ներկայացրած միջնորդությանը, որը ներկայացրել ենք դեռևս դեկտեմբերի 26-ին, եթե դատարանը մեր միջնորդությունը բավարարեց, ապա քննիչի ներկայացրած միջնորդությունն այլևս չի քննվի»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս