Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ԱՄԷ–ում ՀՀ դեսպանը
«Փաստ» թերթը գրում է. «Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ նա դեսպան է նշանակվել 2018թ. հոկտեմբերի վերջին:
Ինչպես տեղեկանում ենք ներկայացված փաստաթղթից, նորանշանակ դեսպանը հայտարարագրել է բնակարան: Հայտարարագրել է նաև «MERCEDES–BENZ CLA 200» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են շուրջ 325 եվրո, 275 դոլար և 150 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոն ա կան պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 3 614 061 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Մհեր Մկրտումյանը մինչ դեսպանի պաշտոնը զբաղեցնելը, 2012–2018թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Արաբական թերակղզու բաժնի վարիչը: 2008-2012թթ. եղել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության առաջին քարտուղարը, ապա՝ խորհրդական: Մ. Մկրտումյանը դիվանագիտական կորպուսում է 1995 թվականից և 1995-ից սկսած այլ պաշտոններ ևս զբաղեցրել է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: