Քրդերի ուղղությամբ Անկարան պատրաստ է առևտրի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տնտեսական միջոցներով կործանել Թուրքիան, եթե վերջինը որոշի հարձակում գործել Սիրիայի քրդերի վրա:

Թրամփն ասել է, որ սկսում են Սիրիայից զորքերի՝ վաղուց հասունացած դուրսբերումն ու միաժամանակ տարբեր կետերից ուժգին հարվածներ են հասցնում այն ամենին, ինչ մնացել է ԴԱԻՇ-ի խալիֆայությունից: Նա հաւաստիացրել է, որ կրկին հարձակում կգործեն այնտեղ, որտեղ կվերաձևավորվի ԴԱԻՇ-ը: Տնտեսապես կկործանեն Թուրքիան, եթե վերջինը որոշի հարձակում գործել քրդերի վրա։ Թրամփը նման գրառում է արել «Թվիթերի» իր էջում։

Թուրքական հակազդեցությունը չէր ուշանալու. Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարությամբ է հանդես եկել:

«Մենք տեսնում ենք, որ Թրամփի վրա մեծ ճնշում է գործադրվում, որպեսզի նա դուրս չբերի զորքերը Սիրիայից, և նա դժվար իրավիճակում է, սակայն նման թեմաները համացանցում քննարկել չի կարելի»,- ասել է նա: Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան սպառնալիքներից չի վախենում:

Թրամփի կողմից նման եղանակով, նման ոճով ու բովանդակությամբ հայտարարություն անելը դարձել է ամերիկյան քաղաքականության համար օրինաչափ երեւույթ։ Դա հուշում է նաեւ այն, որ սպառնալիքը զուտ հայտարարողական է եւ անպայման գործնական տեսք չի ունենալու։ Այսուհանդերձ, Անկարային ուղղված սպառնալիքը ընդհանուր պարունակում պետք է դիտարկել։ Եթե մի կողմից Վաշինգտոնը հայտարարում էր սիրիական տարածքներից իր զորքերի դուրսբերման մասին, ոչ շատ ուշ հստակեցնում էր, որ դա արագ տեղի չի ունենալու։ Սա արդեն պարզ ուղերձ էր, որ սիրիական հանգուցալուծման գործընթացը երկարատեւ է եւ թե քրդերը դեռեվս շահարկվելու են Վաշինգտոնի կողմից։ Հիմա այս գործընթացն է, որ տեղի է ունենում։ Թրամփն ասում է, որ Անկարան, Մոսկվայի եւ Թեհրանի հետ իր ծրագրերը համաձայնեցնելով չի կարող քրդական մաքրազտումներ իրականացնել իր շահագրգռված տարածքներում։

Սպառնալիքը սակայն տնտեսական բնույթ ունի։ Այլ խոսքով Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների դիմաց տնտեսական պատժամիջոցներ կամ տնտեսությունը քանդելու սպառնալիքներ են հնչում։ Տնտեսականն ընդդեմ ռազմականի նույն անմիջակությունն ու արագ համարժեք հակահարվածի ազդեցությունը չի ունենալու։ Այլ կերպ ասած՝ թուրքերը քրդերի դեմ ռազմական գործողություն իրականացնելու դիմաց ամերիկյան զինվորական պատասխան չեն ստանալու։ Իսկ տնտեսական պատժամիջոցները, նույնիսկ եթե կիրառվեն, կարող են առկախվել, ինչպես եղավ Անկարայի դեմ Վաշինգտոնի կիրառած տնտեսական թաւշյա պատժամիջոցների դեպքում։

Ուրեմն. Վաշինգտոնը Անկարայի նկատմամբ սպառնական ոճով, սակայն ըստ էության ոչ համարժեք հակահարվածի  զսպելու հայտարարությամբ հանդես կգա  եւ մյուս կողմից պարզ  է դարձնում, որ քրդերի դեմ շղթայազերծելի պատերազմը Անկարան չի կարող շրջանցելով ԱՄՆ-ին, համաձայնեցնել Մոսկվայի ու Թեհրանի հետ։

Չաւուշօղլուի արձագանքման մեջ կան որոշ դիտարկելի կետեր։Սպառնալիքներից չվախենալու պատախանը օրինաչափ է եւ ակնկալելի։ Որեւէ պետություն նման արձագանքում կունենա իր դեմ ուղղված քանդման սպառնալիքներին։ Դիտարկելին արձագանքման առաջին բաժնին է վերաբերվում։ Անկարայի արտաքին հարցերի գերատեսչության ղեկավարը նշում է, որ նման խնդիրներ սոցցանցերի ճանապարհով չեն քննարկվում։

Չաւուշօղլուն նախ քաղաքագիտական էթիկայի դաս է տալիս ԱՄՆ նախագահին եւ ապա որոշ հեգնանքի երանգ է ներառում իր պատասխանում։ Միաժամանակ սակայն ասելով այն, որ քրդերի դեմ Անկարայի մշակած զինվորական ծրագիրը կարելի է քննարկել։ Դա է պատճառը հաւանաբար, որ հակառակ հայտարարություններին, զորքերի ներխուժման կանաչ լույսերին սիրական համապատասխան տարածքներում թուրքական զորքի հայտարարած տարողությամբ ներխուժում չի գրանցվել առ այս պահը։

Չաւուշօղլուի արձագանքման այդ բաժինը նախանշում է, որ Անկարան պատրաստ է քրդերի ուղղությամբ քաղաքական առեւտրի։ Եւ որեւէ հիմնական ծրագիր չի իրականացնի առանց ամերիկյան համաձայնության։ 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս