Բաժիններ՝

«Այս պահից սկսած սկսելու ենք անհնազանդության ակցիաներ… Երեք օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը թող կազմակերպի հանդիպում»

Վերաքննիչ  քրեական դատարանում տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին կալանավորելու համար բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածին քաղաքի մի շարք բնակիչներ, նրանք դատարանից պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանին կալանավորելու վճիռ կայացնի։ Բողոքի ակցիաները վերսկսվել են հունվարի 11-ից։

Նշենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդանուր իրավասության դատարանը 25 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխել էր, որի արդյունքում Մ. Գրիգորյանը ազատ էր արձակվել։ Այս որոշումը Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Մի քանի ժամ տևած նիստից հետո Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանն այսօր մերժել է փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Նիստից անմիջապես հետո դատարանի առջև հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ արդեն ասել են, որ որևէ պատճառով չեն հանդուրժելու դատական նիստի հետաձգումը.

«Այլևս, բացի Նիկոլ Փաշինյանից, որևէ մեկի հետ չենք ցանկանում հանդիպել։ Երեք օրվա ընթացքում Ն. Փաշինյանը թող կազմակերպի հանդիպում, մենք փոքր խմբով կհանդիպենք և բան պետք է հայտնենք նրան։ Այս պահից սկսած սկսելու ենք անհնազանդության ակցիաներ և այստեղից քայլերթ ենք իրականացնելու Արշակունյաց պողոտայով»,- հայտնեցին ակցիայի մասնակիցները և շարժվեցին դեպի Արշակունյանց փողոց։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին, նրան  մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս