Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացրած երկու միջնորդությունները
Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
Դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ այսօր քննարկվում է ներկայացված երկու միջնորդություն. առաջինը Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունն է, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է երկարացվի ևս երկու ամսով, մյուսը փաստաբանների ներկայացրած միջնորդությունն է՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին, դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո, կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ հերթապահ չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել: Որից հետո էլ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:
Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դեռևս նախորդ տարվա վերջին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, սակայն այդ ժամանակ գործը չքննվեց և հետաձգվեց մինչև հունվարի 9-ը, որից հետո մեկ անգամ էլ հետաձգվեց, քանի որ գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտարարեց։
Զվարթ Խաչատրյան