Լիբիան հրաժարվեց մասնակցել Բեյրութում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին
Լիբիայի ԱԳ նախարարությունը որոշում է ընդունել հրաժարվել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) տնտեսական գագաթնաժողովին մասնակցելուց, որը պետք է կայանա հունվարի 18-20-ին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Լիբիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Օմար ալ-Արբդը:
«Լիբիայի համաձայնության կառավարության ԱԳ նախարարությունը որոշում է ընդունել պաշտոնապես չմասնակցել ԱՊԼ-ի տնտեսական գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բեյրութում: Լիբիական պատվիրակության տեղը դատարկ կլինի»,-ասել է ալ-Արբդը:
Լիբանանի շիաների բարձրագույն իսլամական խորհրդի ղեկավար Աբդել Ամիր Քաբալանը հունվարի 12-ին բողոք էր հայտնել ԱՊԼ-ի գագաթնաժողովին Լիբիային հրավիրելու կապակցությամբ եւ արտակարգ նիստ էր գումարել այս հարցի շուրջ: Քաբալանը հայտարարել էր ազգային շահերին հանձնառության մասին՝ Լիբիայում շիա քարոզիչ Մուսա Սադրին, քարոզիչ Մոհամադ Յակուբին եւ լրագրող Աբաս Բադրեդինին առեւանգելու կապակցությամբ:
Շիաների խորհրդի ղեկավարը սպառնացել էր մարդկանց փողոց դուրս բերել եւ շրջափակել օդանավակայանը լիբիական պատվիրակության ժամանման դեպքում: Մուսա Սադրը 1978 թվականին Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից իր ուղեկիցների հետ հրավիրվել էր Տրիպոլի. այնտեղից նա պետք է Հռոմ ուղեւորվեր՝ հանդիպելու Հռոմի պապին: Սակայն ո՛չ Սադրը, ո՛չ նրա ուղեկիցները չհասան Իտալիա: Թե ինչ տեղի ունեցավ լիբանանցի շիաների հոգեւոր առաջնորդի հետ, մինչեւ այժմ հայտնի չէ:
Լիբանանում շիա դավանանքի ներկայացուցիչները Քադաֆիին մեղադրել են իրենց քարոզչին առեւանգելու մեջ եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը դնում են Լիբիայի ներկայիս կառավարության վրա: Միեւնուն ժամանակ Լիբիայի նախկին նախագահի որդին՝ Հանիբալ Քադաֆին, ձերբակալված է եւ գտնվում է լիբանանյան բանտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: