«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը տեղյակ չէ՞ր, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն ԱԺ-ում չի առաջադրվելու
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր «Արմենպրեսի» հետ հայտարարել էր, որ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է հունվարի 14-ին: «Այո, իհարկե, վարչապետի թեկնածությունն առաջադրելու ենք այսօր»,-ասել էր Մակունցը:
Սակայն քիչ ավելի ուշ տարածվեց հաղորդագրություն, որ հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին նշանակել է վարչապետ:
168.am-ը Լ.Մակունցից հետաքրքրվեց, թե ինչի՞ հետևանք է սա:
«Անկեղծ ասած՝ ես չեմ հայտարարել նման բան, ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածությունը մենք առաջարկելու ենք ՀՀ նախագահի նշանակմանը»,- ասաց նա:
Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի մեծությանն ու այն ղեկավարելու իր կարողությանը՝ Լ.Մակունցը վստահեցրեց, որ ինքը պատրաստ է դրան. «Ինձ պատրաստ եմ զգում՝ գիտակցելով բոլոր այն դժվարությունները, որ հնարավոր է ճանապարհին լինեն»: