Բաժիններ՝

«Տեսանյութը չի կարող ապացույց լինել». Զարուհի Մեջլումյանը՝ Մհեր Ենոքյանի ինքնախոստովանական տեսանյութի մասին

Վերջին օրերին համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը խոստովանում է, որ 23 տարի առաջ սպանել է համակուրսեցուն՝ Իոսիֆ Աղաջանովին, բուռն քննարկումների տեղիք է տվել։

Մհեր Ենոքյանի կնոջ՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանի խոսքով՝ այդ տեսանյութը չի կարող լինել ապացույց, որ Ի. Աղաջանովին, իրոք, Մհեր Ենոքյանն է սպանել։

«Այն ապացույց չի եղել և կցված չէ քրեական գործին։ Տեսանյութն արվել է այն նույն օրը, երբ տեղի է ունեցել դեպքը։ Բոլորդ գիտեք 90-ականների ոստիկանական բաժանմունքները, այդ պատժողական քաղաքականությունը, թե ինչպես կարող էին մարդուց կորզել նույնիսկ չկատարածի հետ կապված հանգամանքներ։ Շատ հեշտ է եղել, 19-ամյա ուսանողներ, որոնք նույնիսկ չեն իմացել դատապաշտպանի կամ դատավորի տարբերությունը,  հայտնվել են ոստիկանական բաժանմունքում, չեն իմացել իրենց իրավունքները, պաշտպան չի եղել։ Դա եղել է բանավոր բացատրությունը, որը մինչև այսօր «»02» հաղորդաշարը հանգիստ ցուցադրում է»,- ասաց Զարուհի Մեջլումյանը։

Նա նշեց, որ համացանցում կա նաև Մատաղիսի գործով Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որտեղ նա հանգիստ պատմում է, թե ինչպես համածառայակից երկու մարդու սպանեցին։

«Հիմա որտե՞ղ են այդ տղանները, արդեն արդարացված են։ Բայց համացանցում տեսանյութը դեռ մնացել է։ Ինձ վրա ճնշումներ սկսեցին բանեցնել նախկին համակարգի, իսկ այսօր արդեն՝ առանց աշխատանքի մնացած անձանց մի խումբ, քանի որ 5 տարվա համառ պայքարի արդյունքում հասա Սողոմոն Քոչարյանի ազատությանը»,- շեշտեց Զ. Մեջլումյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ այսօր կատարվում է, իր պայքարի հակապայքարն է, քանի որ ցույց է տալիս դատական սխալներ, որոնք միայն Մհեր Ենոքյանի գործով չեն։

«Եթե դուք նայեք Մհեր Ենոքյանի 3 հատոր քրեական գործը, ապա դրա 1,5 հատորը ստորագրությւոններ են՝ ուսանողների, բժիշկների, Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտորն էլ է ստորագրել, այսօրվանն էլ։ Եթե Իոսիֆ Աղաջանովը լիներ հացթուխների ընտանքից, ապա հացթուխները պե՞տք է ստորագրահավաք անեին, կամ՝ ինժեներների ընտանիքից։ Այսինքն, որքան ազդեցիկ են կապերը, մենք կարող ենք ազդել և «անտեր» մեղադրյալին մեկ ցուցմունքով ուղարկել մահապատժի։ Խոսքն այստեղ ընտրովի արդարադատության և ընտրովի մարդասիրության մասին է»,- ընդգծեց Զ. Մեջլումյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս