Նեյմարի հայրը հերքել է իր որդու՝ «Բարսային» 5 անգամ զանգահարելը
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայրը հերքել է այն լուրերը, որ իր որդին ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ և պարբերաբար զանգահարում է ակումբի ղեկավարությանը:
Իսպանական «El Mundo» թերթը հաղորդել էր, որ 26-ամյա հարձակվողը 5 անգամ զանգահարել է «Բարսելոնայի» ներկայացուցիչներին:
Նյութում նշվում էր, որ Նեյմարի հայրը ևս խոսել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտումեուի հետ և նշել է, որ ցավում է, որ իր որդին 2017 թվականին տեղափոխվել է ՊՍԺ, քանի որ ֆրանսիական ակումբը չունի նախագիծ:
Instagram-ում ֆուտբոլիստի հայրը նյութի մասին գրել է՝ «Fake News» («Կեղծ լուրեր»):
Իսպանական մամուլը անընդհատ գրում է այն մասին, որ բրազիլացի հարձակվողը դեռևս ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:
AS-ի տեղեկություններով՝ բրազիլացին դեռևս ցանկանում է վերադառնալ իր նախկին ակումբ և ամեն կերպ փորձում է դա հասկացնել կատալոնացիների ղեկավարությանը:
«Բարսելոնայում» կարծում են, որ Նեյմարի տեղափոխումը դժվար կլինի իրականացնել: Այս տարվա ամռանը գնման հնարավորությունները չեն լինի, իսկ 2020 թվականին դա կարժենա 160 մլն եվրո՝ առանց բոնուսների:
Ակումբը հասկանում է, որ Նեյմարը ուժեղ կապ ունի քաղաքի և թիմի հետ, նա պահպանում է հարաբերությունները խաղացողների հետ և այցելում է թիմին ամեն անգամ, երբ մեկնում է Իսպանիա:
Նեյմարի տեղափոխության քիչ հավանական տարբերակներից մեկն այն է, որ Ուսման Դեմբելեն տեղափոխվի ՊՍԺ: Ֆրանսիական ակումբը ցանկանում է իր թիմը համալրել ֆրանսիացի ֆուտբոլիստներով:
«Բարսելոնայի» ղեկավարությունը, սակայն, չի շտապում վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին: Նեյմարին փոխարինելու համար կատալոնացիները գնել են Կոուտինիոյին և Դեմբելեին: Եթե «կապտանռնագույնները» ցանկանան վերադարձնել Նեյմարին, ապա պետք է վճարեն 222 միլիոն եվրո և ավելի:
Սիրարփի Աղաբաբյան