Բելառուսը վերացրեց երկրում ամերիկացի դիվանագետների թվի սահմանափակումը
Բելառուսի իշխանությունները վերացրել են ամերիկացի դիվանագետների թվի սահմանափակումը, որոնց թույլատրված է աշխատել երկրի տարածքում: Հունվարի 10-ին այս մասին հայտնել է Foreign Policy հանդեսը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտում իր աղբյուրները։
Նրանց տեղեկություններով՝ Բելառուսի արտգործնախարարության ղեկավար Վլադիմիր Մակեյը հունվարի 10-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ այդ որոշման մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Ուես Միտչելին:
«Դա մեծ քայլ է: Դա հարաբերությունների բարելավման սկիզբն է»,- նշել է հրատարակության դիվանագիտական աղբյուրը: Foreign Policy-ն նշում է, որ այդ գործողությունները կարող են հանգեցնել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների լուրջ բարելավման:
Հրատարակության տվյալներով՝ Մինսկը 2008 թվականին արտաքսել է ԱՄՆ-ի դեսպանին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանեց երկրում մարդու իրավունքների հետ կապված իրադրության վատթարացման կապակցությամբ: Հանդեսն ընդգծում է, որ երկրից հեռացել են ԱՄՆ-ի 35 դիվանագետներից 30-ը: Պետդեպարտամենտում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: