Բաժիններ՝

Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցությանն անդրադարձել է ապօրինի որսի, ձկնագողության և ծառահատումների դեմ պայքարին

Հունվարի 10-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալներ, գլխավոր և մարզային վարչությունների ղեկավարներ:

Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության արդյունավետության հետագա բարձրացման խնդրին և նշեց, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը, անհանդուրժողականությունը կոռուպցիոն երևույթների ցանկացած դրսևորման նկատմամբ: Հատկապես այս խնդրում, ընդգծեց ոստիկանության պետը, պետք է բացառվի որևէ ներողամտություն:

Վալերիյ Օսիպյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հանցավորության աճի անթույլատրելիությանը և բացահայտումների արդյունավետության բարձրացման անհրաժեշտության հետ մեկտեղ այս ոլորտում կարևորեց կանխարգելիչ ու նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորությունը:

Ոստիկանության պետը անդրադարձավ նաև ապօրինի որսի, ձկնագողության, անօրինական ծառահատումների դեմ պայքարի խնդիրներին՝ դրանց իրականացման գրավական համարելով ոստիկանության մարմինների սերտ համագործակցությունը բնապահպանական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ:

Վալերիյ Օսիպյանը գոհունակություն հայտնեց տոնական օրերին ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության կապակցությամբ և նկատեց, որ լիարժեք ու բարձրորակ ծառայությունը պետք է ամենօրյա լինի՝ պայմանավորված երթևեկության բավական բարդ պայմաններում տրանսպորտային հոսքերի հստակ կառավարման և քաղաքացիների անվտանգության լիարժեք ապահովման անհրաժեշտությամբ:

Քննարկվեցին ոստիկանության ստորաբաժանումների ծառայության հետ կապված այլ հարցեր ևս:

Օպերատիվ խորհրդակցության ավարտին Վալերիյ Օսիպյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց մասնակիցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս