Ֆիզիկական վարժություններն օգնում են կանգնեցնել Ալցհայմերի հիվանդությունը. գիտնականներ

Բրազիլացի եւ կանադացի մի խումբ գիտնականներ հայտարարել են, թե գտել են միջոց, որը թույլ է տալիս կանգնեցնել Ալցհայմերի հիվանդության զարգացումը: Ինչպես հունվարի 8-ին հայտնել է Globo թերթը, մասնագետները հանգել են այն եզրակացության, որ հիվանդության դեմ պայքարելուն օգնում են ֆիզիկական վարժությունները:

Հետազոտության շրջանակներում Ռիո դե Ժանեյրոյի Ֆեդերալ համալսարանի եւ Քինգսթոնի (Օնտարիոյի նահանգ, Կանադա) Թագավորական համալսարանի ներկայացուցիչները մի շարք փորձեր են կատարել կրծողների վրա: Այդ թեստերի միջոցով գիտնականները պարզել են, որ իրիզին հորմոնը, որն արտադրվում է ֆիզիկական ծանրաբեռնումների ժամանակ, ոչ միայն օգնում է այրելու ճարպը, այլեւ բարերար ներգործություն է ունենում ուղեղի վրա:

«Մենք առայժմ չգիտենք, թե որքան ժամանակ է անհրաժեշտ զբաղվել դրական արդյունքի հասնելու համար, բայց ֆիզիկական ակտիվությունը վիթխարի նշանակություն ունի ուղեղի գործունեության եւ այն հիվանդությունների բուժման համար, որոնք կապված են դրա խանգարման հետ, այնպիսին, ինչպիսին Ալցհայմերն է: Վարժությունների տեսակը կարեւոր չէ: Գլխավորը մշտապես զբաղվելն է, դա առօրյա կյանքի մասը դարձնելը»,- լրագրողներին պատմել Է հետազոտության համակարգողներից մեկը՝ Ֆեռնանդա դի Ֆելիսին:

Գիտնականների կարծիքով՝ հայտնագործությունը թույլ կտա մշակել դեղորայք՝ իրիզինի պարունակությամբ: Դրանք կօգնեն հաղթահարելու հիվանդությունն այն մարդկանց, ովքեր ինչ-որ պատճառներով իրենց չեն կարող թույլ տալ ֆիզիկական ծանրաբեռնումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս