Տավուշում 27-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվող անձի ինքնությունը հայտնի է
Տավուշում դեկտեմբերի 31-ին հրազենի գործադրմամբ 27-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվող անձի ինքնությունը հայտնի է:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Երեկ երեկոյան նա ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն: Սպանության գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասաց Խաչատրյանը:
Սպանվածը Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 27-ամյա Աշոտ Գևորգյանն է, ով մահացու հրազենային վնասվածքը ստացել էր նույն քաղաքի Մաշտոցի փողոցի, 33 հասցեում:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն և ապօրինի զենք-զինամթերք պահել։ Կասկածյալը ներգրավվել էր որպես մեղադրյալ, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումն ու հայտարարվել հետախուզում: