«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ՀՀ իշխանության որևէ քայլ կբարդացնի ներքաղաքական խնդիրը»

Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից և հատկապես դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդանական ընտրություններից հետո ակտիվացան խոսակցությունները Ղարաբաղյան  հակամարտության կարգավորման գործընթացում առկա նոր իրողությունների և  շրջադարձային առաջընթացի հնարավորության մասին` կուլիսային պայմանավորվածությունների տպավորություն ստեղծելով:

Այս տեսակետները հիմնականում շրջանառության մեջ դրեցին կարգավորման գործընթացում ներգրավված ռուսական և ամերիկյան  համանախագահությունները, ինչպես նաև հակամարտող կողմ Ադրբեջանը, սակայն հայկական կողմը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մակարդակով ակնարկեց, որ որևէ փոփոխություն  տեղի չի ունեցել:

Այնուամենայնիվ, մի շարք վերլուծաբանների պնդմամբ, այս տարին կարևոր նշանակություն է ունենալու կարգավորման գործընթացի համար: Եվ տարին սկսվել է դրական լուրով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է առաջարկ հունվարին անցկացնելու ԱԳ նախարարների հանդիպում: Հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով»,- ասել է ՀՀ ԱԳն խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ամերիկացի հեղինակավոր դիվանագետ, վերլուծաբան Փոլ Գոբլը վերլուծելով հետհեղափոխական իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում՝ «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ այս հակամարտության գոտում իրականում ոչինչ չի փոխվել, որը կարող է հակամարտության գոտում այս փուլում էական փոփոխությունների հանգեցնել: Ըստ նրա, ոչ համանախագահ երկրների շահերն ու մոտեցումներն են փոխվել, ոչ էլ` հակամարտող երկրների: Ուստի, Գոբլի վստահեցմամբ, այս լավատեսությունը քիչ-քիչ վերածվելու է հոռետեսության, քանի որ ակտիվ բանակցային գործընթաց՝ արդյունքներով, առաջիկա ապագայում ևս տեղի չի ունենալու:

Նրա խոսքով՝ պարզապես Հայաստանում հայտնվել է իշխանություն, որը մի փոքր այլ է գործում, Ադրբեջանը գուցե փորձի ավելի ճկուն քաղաքականությամբ զիջումներ կորզել, ինչը, ըստ նրա՝ տեղի չի ունենա, քանի որ հայկական կողմի քաղաքականությունը Ղարաբաղյան  հակամարտության գոտում իրականում չի փոխվել:

Ըստ Գոբլի՝ ՀՀ ներկայիս ղեկավարները շարունակելու են նախկինների քաղաքականությունը, և այս հարցում ներկայիս իշխանության լեգիտիմության վրա դրվող խաղադրույքներն անիմաստ են, դա արհեստական փաստարկ է, քանի որ ՀՀ իշխանությունների կողմից ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ցանկացած քայլ, որը, բնականաբար, պետք է ինչ-որ զիջում ենթադրի, հարվածելու է նորընտիր և դեռևս նոր ամրապնդվող իշխանությանը: Սակայն, ըստ նրա՝ նկատելի է, որ ՀՀ իշխանություններն անում են հնարավորը՝ այդ իշխանությունն ամրապնդելու, և ոչ՝ թուլացնելու ու խոցելի դարձնելու համար: Այսինքն, ինչպես Փոլ Գոբլն ասաց, հայկական կողմը մինչ իրական հնարավորությունների ընձեռումը շարունակելու է իր քաղաքականությամբ տարածաշրջանում պահպանել գոնե ստատուս-քվոն, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ներկայումս որևէ քայլ կբարդացնի իշխանության ներքաղաքական խնդիրը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ամերիկացի վերլուծաբանն ասաց, որ Ադրբեջանը, փորձելով չնեղացնել Թուրքիային, հիմնվում է Ռուսաստանի վրա` ներկայացնելով Ռուսաստանին՝ որպես այս հարցում Ադրբեջանի աջակից:

Նրա որակմամբ՝ Ադրբեջանի այս  քաղաքականությունը Մոսկվան օգտագործում է ամեն պահի, երբ ունենում է դրա կարիքը: «Բայց Կրեմլը չի ցանկանում կորցնել այս տարածաշրջանում իր լծակները, այս առումով ևս ոչինչ չի փոխվել, այսինքն` Կրեմլին ձեռնտու է ստատուս-քվոյի պահպանումն իրավիճակի նկատմամբ իր տոտալ վերահսկողության պահպանմամբ, որը հնարավոր է կողմերին զենք վաճառելու և ժամանակ առ ժամանակ լարվածություն հրահրելու ու այն կանխելու միջոցով, ինչը կողմերին ցույց է տալիս այս գոտում Ռուսաստանի անայլընտրանք դիրքերը: Սա անելու համար Ռուսաստանին հարկավոր է ինչ-որ առումով պահպանել Հայաստանի հետ հարաբերությունների այն գիծը, որը կար նախկինում, ուստի նույնիսկ ներկայիս իշխանություններից ինչ-ինչ դժգոհություններ ունենալով՝ ՌԴ իշխանությունները չեն փորձելու ՀՀ ներկայիս իշխանություններին վանել Ռուսաստանից:

Ջանալու են խնդիրները հարթել, որպեսզի տարածաշրջանում չփլուզվի ավելի մեծ քաղաքականությունը: Ռուսաստանը վերջնական կփոխի իր քաղաքականությունը հօգուտ Ադրբեջանի, եթե վստահ լինի, որ Ալիևի ռուսամետ քաղաքականությունը վստահելի է: Ներկայումս նման վստահություն չկա, բայց նկատվում են ապագայում նման գործընթացի հնարավորություններ, կողմերը` Ռուսաստանն ու Ադրբեջանը, փորձում են հասկանալ, թե միմյանցից առավելագույնն ինչ կստանան. Ադրբեջանի ակնկալիքը Ղարաբաղն է, իսկ Ռուսաստանի ակնկալիքը` Ադրբեջանը՝ որպես ռուսական կողմնորոշում ունեցող երկիր: Ադրբեջանը Ռուսաստանին հասկացնում է, որ ղարաբաղյան ուղղությամբ Երևանի նկատմամբ ռուսական ճնշումների դեպքում Ադրբեջանը կդառնա լոյալ գործընկեր Մոսկվայի համար, բայց այդ հարցում Մոսկվան դեռ վստահ չէ»,- վերլուծեց Փոլ Գոբլը:

Վերլուծելով ամերիկյան քաղաքականությունը` Գոբլն ասաց, որ հույսեր կան, որ նոր դեսպանը թարմություն կմտցնի հայ-ամերիկյան հարաբերություններում, ինչպես նաև կարգավորման գործընթացում ամերիկյան շահերի  և մոտեցումների ներկայացման հարցում: «Ես մնում եմ իմ այն կարծիքին, որ ամերիկյան պասիվ, ներգրավվածությունից խուսափող քաղաքականությունն ակտիվ առաջ է մղվում ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից, ինչը նշանակում է, որ այս հակամարտության կարգավորման գործընթացում ամերիկյան շահերն առաջ չեն մղվի: Իսկ ամերիկյան, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահը հակամարտության կարգավորումն է: ԱՄՆ-ը այստեղ առաջնորդվում է նաև հակաիրանական քաղաքականությամբ, Իրանի ազդեցությունը տարածաշրջանում կթուլանա  հակամարտության կարգավորման դեպքում»,- ասաց Գոբլը:

Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ վերջին ամիսներին ստացված բոլոր լուրերը, որոնք վերաբերել են ԼՂ հակամարտության գործընթացին, թույլ են տալիս պնդել, որ կա կարգավորման ծրագիր, որի տարրերը գուցե ավելի տեսանելի դառնան այս տարի:

Ստանիսլավ Տարասովը համամիտ է իր ամերիկացի գործընկերոջ հետ, որ հայաստանյան քաղաքականությունում ոչինչ չի փոխվել, ինչը բեկումների հնարավորությունը նվազեցնում է:

Նրա կարծիքով՝ հայկական քաղաքականությունը նաև անհասկանալի և հակասական է դարձել, որի պատճառով ադրբեջանական քաղաքականությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ավելի արդյունավետ և հասկանալի է թվում:

«Ղարաբաղյան հակամարտությունում դիվանագիտական պարտություններից խուսափելու համար ՀՀ իշխանությունները պետք է համագործակցեն գործընկերների հետ, ոչ թե նրանց մղեն վերջին պլան և անարգեն, ապա ինչ-որ բաներ պահանջեն: Գործընկերությունը երկկողմանի, փոխշահավետ երևույթ է, նման ընկալում պետք է լինի բոլորի մոտ: Բայց եթե Հայաստանը չցանկանա համագործակցել, դա իր ընտրությունն է, որևէ մեկը հակառակը չի ստիպելու: Աշխարհաքաղաքական իրավիճակը բավականին բարդ է Հայաստանի համար, և Հայաստանը լուրջ այլընտրանքներ չունի, ուստի պետք է պահպանի համագործակցությունն այն գործընկերների հետ, որոնց հետ արդեն կան լավ ավանդույթներ»,- նշեց Տարասովը:

Վերջինս չի բացառում, որ հակամարտության գոտում առկա ծրագրերի հաջողության համար ճնշումներ լինեն կողմերի նկատմամբ, մասնավորապես՝ Հայաստանի: Սակայն, նրա որակմամբ, ճիշտ քաղաքականության դեպքում Հայաստանը կարող է չեզոքացնել դրանք՝ չզիջելով իր շահերը:

Տեսանյութեր

Լրահոս