«Մեր հայրենակիցներին թվում է, թե շարունակում են ապրել Սովետական Միությունում». Ռուբեն Բաբայան

«Մենք հաճախ ասում ենք՝ ղազախները լավ ընդունում են մարդկանց, այնտեղ տարբեր ազգեր են ապրում: Որպես պետություն՝ Ղազախստանը երբեք չի կանգնել Հայաստանի կողքին: Եվ պարզ է, որ բոլոր միջազգային կառույցներում պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Խնդիր կա, որ աջակցություն լինի նաև հանրության կողմից: Ուստի պետք է աշխատել հնարավորինս քիչ նման հնարավորություն ստեղծել: Շատ կարևոր են կապերը, թեկուզ՝ մշակութային: Ընդհանրապես ատում են նրան, ում չեն ճանաչում: Միայն այսպես կարելի է ստեղծել նորմալ, մարդկային բարիդրացիական հարաբերություններ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհ. Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Նրա խոսքով՝ մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են նախկին սովետական հանրապետություններում, թվում է, թե շարունակում են ապրել Սովետական Միությունում:

«Նրանք մոռանում են, որ երկրներն իրարից տարբերվում են, յուրաքանչյուրն ունի իր ազգային մենթալիտետը, և, եթե այնտեղ հյուր ես, պետք է բոլոր օրենքներն ընդունես»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի գիշերը, լույս հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել էր, երեքը վնասվածքներ էին ստացել։

Ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են երեք տղամարդ՝ Մալխասյան Թորգոմ Մանվելի, Մալխասյան Սոխակ Սամվելի և Նադիրբեկով Քաիր Խամիտովիչ: Ձերբակալվածները լուրջ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներ են ճանաչվել: Կարագանդա քաղաքի դատարանով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Կարագանդայի մարզի ոստիկանական դեպարտամենտի աշխատակիցների կողմից Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ով  հունվարի 7-ին ֆեյսբուքյան ուղերձի միջոցով ցավակցել է զոհվածի ընտանիքի անդամներին, ապա հայտնել է, որ ինքը չի սպանել տղային։ Պատրաստ է հանձնվել իրավապահներին, եթե միայն ապահովեն իր անվտանգությունը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս