Բաժիններ՝

«Ինձ համար մարդիկ բաժանվում են երկու խմբի». Վիգեն Ավետիս

Հայաստանում շատերն են ճանաչում Ֆլորենցիայի պատվավոր քաղաքացի, քանդակագործ Վիգեն Ավետիսին, ում գործերը տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում: Քանդակագործը հայկական արվեստի դեսպանն է Իտալիայում: Այս զրույցով անդրադարձել ենք ոչ միայն Վիգեն Ավետիս քանդակագործին, այլև նրա կյանքում հավատի դերին և կարևորությանը:

-Դուք ծնվել, կրթություն եք ստացել Հայաստանում, այնուհետև սովորել եք Լեհաստանում: Հոգու կանչով մեկնել եք Ֆլորենցիա: Առաջին «հանդիպումը» այդ քաղաքի հետ ինչպե՞ս եղավ:

-Կեսգիշերին հասա Ֆլորենցիա: 1998 թ. դեկտեմբերի 28-ն էր. քաղաքը  բացվեց գրքի նման. ես հայտնվեցի Ֆլորենցիայի հոգում: Հայտնվեցի մի իրականության մեջ, որտեղ ժամանակ գոյություն չուներ: Քաղաքն իր սիրտը բացեց իմ առաջ, և հասկացա, որ շրջվելու և ետ գնալու իրավունք չունեմ: Որոշեցի գալ և ապրել այստեղ:  Մնալուս մասին որոշում կայացրինք «երկուսով»: Ֆլորենցիան  ինձ  սպասում էր և երևի սպասել էր մի քանի հարյուրամյակ:  Հաջորդ օրը առավոտյան այցելեցի Միքելանջելոյի գերեզմանին: Այն գտնվում է Սանտա Կրոչե (Սուրբ Խաչ) եկեղեցում: Ես այդ ժամանակ պետք է քննություններ հանձնեի՝ Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու համար: Կանգնեցի գերեզմանի առջև և ասացի. «Վարպե՛տ, ես եկել եմ, օգնի՛ր ինձ»: Ընդունվեցի ամենաբարձ գնահատականներով: Նույնիսկ այն դեպքում, երբ ես իտալերեն չէի խոսում, հանձնեցի նաև լեզվի քննություն: Դժվար է տրամաբանական պատասխաններ տալ, թե ինչպես ստացվեց, բայց հրաշքը կատարվեց: Ինչ-որ աներևույթ ուժ օգնեց, որ իրականանա իմ ազնիվ խնդրանքը: 

-Այդքանից  հետո Ձեր հաջողությունները հասան այնտեղ, որ Ձեզ վստահեցին Միքելանջելոյի անավարտ աշխատանքը շարունակելու գործը:

-Այն պահին, երբ քննարկվում էր Միքելանջելոյի 40 անավարտ քանդակները ավարտելու հարցը, ես հասկացա, որ ճիշտ պահին ճիշտ տեղում եմ հայտնվել: Պատմությունը հետևյալն է. եկեղեցին և քաղաքապետարանը 2005 թ. որոշել էին ավարտին հասցնել Միքելանջելոյի նախագծած Սբ. Լորենցո եկեղեցու արտաքին տեսքը, որի ճակատային մասում նախագծված էին 40 մարմարե քանդակներ: Կազմվեց հանձնաժողով, և ընտրվեցին մասնագետներ: Միքելանջելոյի էսքիզների հիման վրա պիտի անեի այդ քանդակները: Ես հանդիպել էի Վատիկանի թանգարանների տնօրեն Անտոնիո Պաոլուչչիի հետ, և ամեն ինչ պատրաստ էր աշխատանքները սկսելու համար, վերջին պահին ֆինանսավորման բացակայության պատճառով ծրագիրը չիրականացվեց, ինչպես եղել էր Միքելանջելոյի օրոք:

-Գիտենք, որ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հայոց մայրը» քանդակը նվիրել եք Հռոմի պապին: Կպատմենք ինչպե՞ս եղավ:

-«Հայոց մայրը» քանդակը ստեղծվեց երկար առճակատումներից հետո: Հետաքրքրական էր, որ երբեք չէի մտածել նման թեմայով քանդակ անել: Ստացվեց այնպես, որ քանդակը պատրաստ եղավ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի շեմին: Երբ Հռոմի Պապը որոշեց Սուրբ Պատարագ մատուցել՝ ի հիշատակ եղեռնի զոհերի, ես որոշեցի քանդակը նվիրել նրան: Ինչպես պետք է դա անեի, գաղափար չունեի: Ինչպես իմ կյանքի վճռորոշ պահերին զգացել եմ, որ ինձ ուժ տվող զորություն կա, ինչ-որ անբացատրելի աստվածային ուժ, որն օգնում է իրականացնել նպատակներս, այդ պահին ևս ներքին զորություն զգացի: Հանդիպեցի կարդինալ Պարոլինի հետ, առաջարկեցի իմ նվերը: Որոշ ժամանակ անց Հռոմի Պապը ընդունեց այն: Քանդակը շատ սիրվեց, այն ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ հիշեցնելով հայոց ցեղասպանությունը: Արձանը այնքան մեծ տպավորություն գործեց Մարսելում, որ քաղաքապետարանը ինձ պատվիրեց կրկնօրինակը, որը տեղադրվեց 2016 թ. ապրիլի 24-ին:

-Լինելով ազգությամբ հայ՝ Ձեզ համար դժվար չէ՞ր Իտալիայում կայանալ որպես քանդակագործ:

-Շփվելով ֆլորենցիայի արվեստագետների ու ազնվականության հետ, հասկացա որ  նրանք ինձ ընդունելով՝ սիրահարվեցին Հայաստանին: Այնպես ստացվեց, որ համարյա բոլորին ինձ հետ բերեցի՝ տեսնելու իմ հայրենիքը: Եվ բոլորն էլ հասկացան, որ հենց միայն Հայաստանը կարող էր լինել իմ հայրենիքը: Նրանք՝ ովքեր չեկան, հավատացին իմ խոսքին: Երբ ակադեմիա էի մտնում, ինձ ջերմությամբ էին ընդունում, և նույն կերպ իմ ազգը ևս նրանց համար սիրելի էր:

-Համամի՞տ եք, որ արվեստը միջնորդ է Աստծո և մարդկանց միջև:

-Միջնորդ ասելը չափազանց է, որովհետև միջնորդները առաքյալներն և սրբերը են: Իսկ  արվեստը միայն հազարերորդ տեղում կարող է հավակնել նման կոչման: Արվեստը ճրագի նման է, որը լուսավորում և ուղղորդում է դեպի Աստված:

-Ի՞նչ առանչություններ ունեն քրիստոնեությունը և արվեստը, հատկապես՝ քանդակագործությունը:

-Քանդակագործը հնարավություն ունի իր ստեղծագործություններում ներկայացնել ամեն ինչ, սակայն մենք արվեստի գործերում տեսնում ենք միայն գեղեցիկը, ճշմարիտը, բարին: Հենց քրիստոնեությունն է օգնում, որ քո արվեստը ծառայի հոգևորին: Ես վստահ եմ՝ արվեստի գործը դառնում է համամարդկային, եթե այն հոգևոր է: Իսկ ստեղծագործությունը հոգևոր է դառնում, երբ արվեստագետը հոգևոր է, հավատք ունի: Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու են մարդիկ  մոտ կանգնում՝ տեսնելու համար արվեստի գործը. նրանք այդպես հոգևոր սնունդ են ստանում:

-Ի՞նչ դեր ունի հավատը Ձեր կյանքում:

– Ըստ իս՝ հավատքը կյանքի հիմնասյունն է: Ինձ համար մարդիկ բաժանվում են երկու խմբի. նրանք, ովքեր հավատում են Աստծուն և նրանք, ովքեր չեն հավատում: Հավատալ նշանակում է ապավինել, վստահել քո կյանքը աներևույթ, բայց ճշմարիտ աստվածային զորությանը: Ինձ համար անհավատ մարդկանց հետ շփումն այնքան էլ ցանկալի չէ, քանի որ նրանք ունակ չեն վստահել, ապավինել, ինչու չէ՝ նաև ապավեն լինել:

Ստեղծագործելու շնորհն Աստծուց է տրված: Եվ Աստված շատ ուշադիր հետևում է, թե մենք ինչպես ենք վարվում այդ շնորհի հետ:

Ամեն օր, ամեն րոպե պիտի քո խոսքով, պահվածքով, կյանքով, գործով ապացուցես, որ դու հենց այն մարդն ես, ով իրավունք ունի կրել այդ շնորհը:

-Զգո՞ւմ եք Աստծո ներկայությունը Ձեր կյանքում:

– Կյանքը կենդանի օրգանիզմ է և սահմաններ չունի: Մարդը նավաստու նման միշտ լողում է ջրերի վրա, երբեմն մոտենում է, երբեմն՝ հեռանում ճշմարտությունից: Ես չեմ կարող ասել, որ իմ օրվա քսանչորս ժամը անցնում է Աստծուն շատ մոտ: Երբեմն հեռանում եմ, երբեմն՝ շատ մոտենում, բայց տեսողությունից երբեք չեմ կորցնում: Հեռանալիս ես նկատում եմ, նախատում ինքս ինձ, իսկ մոտենալիս զգացողություններս այլ են: Դա կապված է իմ ստեղծագործական կյանքի հետ. երբ մոտ եմ, ավելի շատ եմ ստեղծագործում ու ավելի լավ: 

-Որո՞նք են Ձեզ համար մնայուն և հավիտենական արժեքներ:

-Իմ կյանքում անսասան արժեքներ կան, և ես առաջնորդվում եմ դրանցով: Դրանք են ազնվությունը, արժանապատվությունը, սերը և նրան արժանի լինելու գիտակցումը: Մարդ պիտի ամեն օր իրեն պատրաստի արժանի լինել սիրուն: Սերը կա, սերը լույս է և ճշմարտություն: Մենք պետք է պատրաստ լինենք և, ամենակարևորը, արժանի լինենք կրել այն մեր մեջ:

-Ասել եք, որ մարդը մաքրվում է ընկերոջ միջոցով: Ձեր դեպքում ինչպե՞ս է:

-Ինձ համար քահանան և ընկերը նույն դերն ունեն. մեկը հոգևոր, մյուսը՝ աշխարհիկ միջավայրում: Ինչպես մարդը ապաշխարում է խոստովանության միջոցով, և քահանան իրավունք ունի թողություն տալ մեղքերին, այդպես էլ մենք մաքրվում ենք մեր ընկերների միջոցով: Ընկերդ կարող է քեզ ներել կամ պատժել, կարող է քեզնից հիասթափվել, կարող է քեզ փրկել:  Ընկերները հրեշտակների նման են՝ հայտնվում են քո դժվարին պահերին՝ օգնության ձեռք մեկնելու համար: 

-Տեսնելով Ձեր կյանքի ընթացքը՝ կարելի՞ է ասել, որ Դուք առաջնորդվում եք  «Երկնքո՛ւմ գանձեր դիզեք» պատգամով (տե՛ս Մատթեոս Զ 19):

-Ես միշտ խուսափել եմ նյութական գանձերից: Նույնիսկ երբ զգում եմ, որ գումարը շատ է ինձ մոտ, արագ հեռացնում եմ, որ չառաջնորդի ինձ: Ֆլորենցիայում բնակարան չեմ գնել, որպեսզի չկապեմ իմ ձեռքերը: Իմ մասնագիտության՝ քանդակագործության դեպքում էլ այդպես է. ամեն վայրկյան կարող եմ ուրիշ գործով զբաղվել:  Եթե ես այժմ խոսում եմ քանդակներիս միջոցով, ապա նույն հաջողությամբ կարող եմ այլ ուղիներ ընտրել: Կարևորը ուղերձն է, որը դու ցանկանում ես փոխանցել՝ կլինի քարի, թե մեկ այլ նյութի միջոցով:

-Նկատելի է, որ խաչ եք կրում: Ի՞նչ խորհուրդ ունի այն Ձեզ համար:

-Ես երկու խաչ եմ կրում. մեկը՝ մկրտությանս խաչն է, մյուսը՝ հիսունամյակիս նվերն է: Այս երկու խաչերը շատ ճիշտ պահին են հայտնվել իմ կյանքում. մեկը իմ երիտասարդության, մյուսը՝ հասունությանս շրջանում: Երկուսը միասին եմ կրում՝ իմ նոր ու հին կյանքի խորհրդանիշները: Ես միշտ և ամենուր զգում եմ խաչի զորությունը:

Պատրաստեց Լուսինե ՕՀԱՆՅԱՆԸ
«Շողակն Արարատյան» ամսաթերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս