«Քոչարյանին ուղղված Պուտինի շնորհավորանքի հասցեատերը ոչ միայն Քոչարյանն է, այլև Փաշինյանը». Մոդեստ Կոլերով
Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայ-ռուսական հարաբերությունների ամենասուր հարցերի շուրջ ծավալված բանակցությունների արդյունքների մասին հստակ տեղեկություն դեռ չկա:
Ավելին՝ ամենակարևոր հարցի` գազի նոր գնի մասին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ դեռ որոշում չունեն, և բանակցությունները շարունակվելու են: Փաշինյան-Պուտին բանակցությունների հրապարակային կողմը բավականին զուսպ ենթադրությունների առիթ է տալիս:
ՌԴ նախագահը Հայաստանի հետ հարաբերությունները որակեց դաշնակցային՝ արձանագրելով, որ սա Փաշինյանի առաջին այցն է ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո: «Ցանկանում եմ Ձեզ մաղթել հաջողություններ, բոլոր ծրագրերի իրականացում, որ դրել էիք Ձեր առջև, Ձեր թիմի առջև՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի»,- ասաց Պուտինը՝ հմտորեն խուսափելով շնորհավորել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ապա ՌԴ նախագահն իր խոսքը կառուցեց հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական բաղադրիչի վրա՝ նշելով, որ ՌԴ-ն վստահորեն պահպանում է առաջին տեղն օտարերկրյա պետությունների շարքում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ոլորտում. Ռուսաստանին բաժին է ընկնում 25.5 տոկոսը: Ավելին, ըստ նրա, 2000-ից ավելի ձեռնարկություն է աշխատում, 2200 ձեռնարկություն: «Աճում է ապրանքաշրջանառությունը. նախորդ տարի այն աճել է գրեթե 30 տոկոսով` 29.7 տոկոսով: Այս տարվա 10 ամսվա կտրվածքով այն ավելացել է գրեթե 18 տոկոսով` 17.5 տոկոսով»,- նշեց ՌԴ ղեկավարը:
Վերջինս նաև շեշտեց, որ համագործակցությունը պետք է զարգանա նաև անվտանգության ապահովման ոլորտում հիմնվելով ՀԱՊԿ շրջանակում համագործակցության վրա:
Իր հերթին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ շեշտեց, որ սա որերորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Փաշինյանը, որպես դրական հանգամանք, նշեց այն մասին, որ մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը ռուս զբոսաշրջիկների շրջանում:
«Սա առնվազն նշանակում է, որ մարդիկ ոչ միայն հետաքրքրված են, այլև Հայաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկներին շատ լավ են ընդունում, նրանք իրենց շատ լավ են զգում, և դա ընդգծում է մեր հարաբերությունների խորությունը: Դրանք ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև մարդկային հարաբերություններ են, մշակութային հարաբերություններ են, և վստահ եմ, որ այդ բոլոր հարաբերությունները կզարգանան»,- ընդգծեց Փաշինյանը:
Հայաստան վերադառնալուն պես Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց այցի արդյունքները՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանը հայտնել է իր ինստիտուցիոնալ դիրքորոշումը, ԼՂ հակամարտության կարգավորման հարցը չի քննարկվել, գազի գնի հարցում որոշում չկա:
Ուշագրավն այն է, որ երեկ Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններից հետո` այսօր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Այս փաստը հաստատել է նաև Վ. Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
168.am-ի հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, վերլուծաբան Մոդեստ Կոլերովն ասաց, որ ինքնին այն փաստը, որ Հայաստանը պնդել է ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի հարցում իր դիրքորոշումը, դիվանագիտական լեզվից թարգմանված՝ նշանակում է, որ կան լուրջ տարաձայնություններ այս հարցում: Այսինքն` չի գտնվել համաձայնություն, մանրամասն տեղեկության բացակայությունը ևս միանշանակորեն փաստում է, որ դրական արդյունքներ ձեռք չեն բերվել երեկ կայացած հանդիպման ընթացքում:
Նրա համոզմամբ, սա է գլխավոր արդյունքը, ինչը դրական արդյունք չէ: Ավելին, նրա որակմամբ, սա բացասական արդյունք է:
«Առաջին անգամ Փաշինյանի կողմից իշխանությունը ստանձնելուց հետո չի հաջողվել Մոսկվայում ստանալ նույնիսկ հռետորական արդյունք: Սովորաբար նման հանդիպումներից հետո շատ պատմել սիրող Փաշինյանը չի խոսում, կամ խոսում է շատ հակիրճ, նա, ըստ էության, ոչինչ չասաց, որովհետև իրականում խոսելու բան չկա: Սա առաջին գագաթաժողովն էր, որն ավարտվեց առանց արդյունքի: Սա քաղաքական ազդանշան պետք է լինի Հայաստանի համար, որ Հայաստանը ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում իր վերջին սերտ գործընկերոջ` Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունի: Այս իմաստով Հայաստանը պահպանեց ընդհանուր սկզբունքային աջակցությունը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցում, բայց չհաջողեց ստանալ աջակցություն ընթացիկ քաղաքականության հարցում, և դա վատ նշան է: Ռուսաստանը երկար համբերեց` մի քանի ամիս, բայց ներկայումս որոշել է աչքերը չփակել Հայաստանի հետ տարաձայնությունների վրա: Հետևանքն այն է, որ Հայաստանը հետսովետական տարածքում միայնակ է մնացել բոլոր խնդիրներում, անխտիր բոլոր»,- ասաց Մոդեստ Կոլերովը:
Ինչ վերաբերում է ռուսական գազի գնի շուրջ երեկ կայացած անարդյունք բանակցություններին, Կոլերովն ասաց, որ որևէ գաղտնի տեղեկատվության այդ մասով չի տիրապետում: «Ես միայն զարմանում եմ, որ կոռուպցիայի, գումարների մսխման դեմ այդպիսի հայտնի պայքարողը սահմանափակվեց միայն սպառնալիքներով «Հայռուսգազարդի» («Գազպրոմ Արմենիա») դեմ և ոչինչ չներկայացրեց: Հայաստանի համար գազի գնի գոյացման գլխավոր գործոնը կապված է «Գազպրոմ Արմենիայի» հետ, եթե Փաշինյանը դժգոհ է, թող հրապարակային խոսի այդ մասին»,- ասաց Կոլերովը` ակնարկելով, որ գազի գնի հարցը պետք է լուծվի ոչ թե Մոսկվայում, այլ Երևանում:
Անդրադառնալով այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հրապարակային ամանորյա շնորհավորանքին` Կոլերովն ասաց, որ դա «աղաղակող, բարձրագոչ դեմոնստրացիա է, աջակցություն Քոչարյանին ՌԴ նախագահի կողմից»: Նրա որակմամբ, այդ ուղերձի հասցեատերը միայն ՀՀ երկրորդ նախագահը չէ, այլև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Վարչապետի պաշտոնակատարն իր գործողություններում ոչ մեկ անգամ է հաստատել, որ աբսուրդ է Քոչարյանի դեմ մեղադրանքը, դա քաղաքական պատվեր է Փաշինյանի կողմից: Եվ ես կարծում եմ, ու դա այդպես է, որ Քոչարյանի գործոնն էական է ներկայումս Պուտինի և Փաշինյանի հարաբերություններում, հայ-ռուսական օրակարգում: Եվ քանի դեռ Քոչարյանը կալանքի տակ է, այդ գործոնն աշխատելու է և ազդելու է հայ-ռուսական օրակարգի վրա»,- ասաց Կոլերովը:
Ամփոփելով` ռուս փորձագետն ասաց, որ կա Քոչարյանի գործոնը, բայց չգիտի՝ արդյոք Քոչարյանի ներկայիս կարգավիճակի հարցը քննարկվե՞լ է նախօրեին Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում: