Յոթնամյա ընդմիջումից հետո Դամասկոսում աշխատանքը վերսկսեց Բահրեյնի դեսպանությունը
Դեկտեմբերի 28-ին Դամասկոսում վերաբացվել է Բահրեյնի դեսպանատունը, որի աշխատանքն ընդհատվել էր 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց հետո: Այդ մասին ասված է Բահրեյնի ԱԳ նախարարության Twitter-ում:
«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Բահրեյնի թագավորության դեսպանության աշխատանքի վերսկսման մասին»,-ասված է հաղորդագրության մեջ: Դամասկոսում գտնվող դեսպանատունը Բահրեյնի միակ դիվանագիտական ներկայացուցչությունն է Սիրիայում:
Բահրեյնի ԱԳ նախարարության կայքում նշվում է, որ Մանաման մտադիր է դիվանագիտական կապեր պահպանել Սիրիայի հետ, որն իր հերթին չի դադարեցրել իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը Մանամայում: ԱԳՆ-ում նաեւ հիշեցրել են, որ Սիրիայում պատերազմի ընթացքում երկու երկրների միջեւ օդային տարածությունը չի փակվել: Նախօրյակին Դամասկոսում դեսպանատան աշխատանքի վերսկսման մասին հայտարարել են Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: