Պակիստանի նախկին նախագահին արգելել են մեկնել երկրից
Պակիստանի իշխանությունները երկրի նախկին նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին, որը կասկածվում է փողերի լվացմանը մեղսակից լինելու մեջ, ներառել են այն անձանց ցուցակում, որոնց արգելված Է մեկնել երկրից: Այդ մասին րագրողներին հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարար Ֆավադ Չոուդհուրին:
Նրա խոսքով՝ Զարդարին կասկածվում է տասնյակ կեղծ բանկային հաշիվներ ունենալու մեջ: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է նախարարը, այդ գործով անցնում է 172 մարդ: Հանրապետության նախկին ղեկավարն ինքը, որն այժմ ֆեդերալ խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր է, ժխտում է իր մասնակցությունը անօրինական գործունեությանը:
«Հետաքննության ընթացքում բոլոր 172 անձանց արգելված է մեկնել երկրից»,-հայտարարել է Չոուդհուրին, որի խոսքը մեջբերել է Geo TV հեռուստաալիքը: Սպասվում է, որ առաջիկայում պետության նախկին ղեկավարին կառաջադրվեն պաշտոնական մեղադրանքներ:
Զարդարին Պակիստանի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2008-ից մինչեւ 2013 թվականն ընկած ժամանակաշրջանում: Նա ամուսնացած էր Բենազիր Բհուտոյի (երկու անգամ ընտրվել է երկրի վարչապետ) հետ, որը 2007 թվականին զոհվեց մահապարտի գրոհի հետեւանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: