Բաժիններ՝

Թեհրանը բանակցություններ է վարել թալիբների հետ. Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին դեկտեմերի 26-ին Քաբուլ կատարած այցի ժամանակ հայտնել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ իրանական կողմի ունեցած բանակցությունների մասին:

Այդ մասին նա ասել է աֆղանական պատվիրակության հետ կայացած հանդիպմանը, որը գլխավորել է Աֆղանստանի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլլա Մոհիբը: Սա առաջին անգամն է, երբ թալիբների հետ Թեհրանի ուղղակի շփումների մասին հայտարարել է նման մակարդակի իրանցի քաղաքական գործիչը:

«Մենք մի շարք կոնսուլտացիաներ եւ բանակցություններ ենք անցկացրել «Թալիբան» շարժման հետ՝ այդ մասին տեղեկացնելով Աֆղանստանի կառավարությանը: Այդ պրակտիկան շարունակվելու է նաեւ հետագայում»,- Շամխանիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:

Նա նաեւ նշել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետության եւ թալիբների միջեւ ընթացիկ բանակցային գործընթացը նպատակ ունի օգնել Աֆղանստանում անվտանգության խնդիրների լուծմանը»: Շամխանին նշել է այն «համաձայնագրերի կառուցողականությունը, որոնք կնքվել են անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովի ընթացքում, որը դեկտեմբերի 7-8-ին Թեհրանում անցկացվել է Աֆղանստանի, Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ»:

«Տարածաշրջանի երկրների մշտական երկխոսության եւ անվտանգության հարցերում գործնական համագործակցության համար մեխանիզմների ստեղծումը կարող է ապահովել տարածաշրջանային պետությունների կայունությունն ու կայուն զարգացումը»,-ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս