Ավագանին հաստատեց Երևանի 2019 թվականի բյուջեն
Երևանի ավագանին թեժ քննարկումների և քննադատություններից հետո հաստատեց Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն, որով նախատեսվում են 83 մլրդ 77 մլն 572.0 հազ. դրամ եկամուտներ, 84 մլրդ 346 մլն 812.0 հազ. դրամ ծախսեր, դեֆիցիտը՝ (պակասուրդը) 1 մլն 269.240 հազ. դրամ։ Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց ձայների 38 կողմ, 5 դեմ, և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 83 մլրդ 77 մլն 572.0 հազ. դրամի չափով` Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 80 մլրդ 189 մլն 969.8 հազ. դրամի դիմաց: «Ծրագրված եկամուտները գերազանցում են 2017 թվականի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտներին 10,938,938.6 հազ. դրամով կամ 15.16 %-ով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 23 մլրդ 940 մլն 875.6 հազ. դրամ՝ 2018 թվականի նախատեսվածից 2 մլրդ 37 մլն 495.7 հազ. դրամով ավելի, իսկ 2017 թվականի սեփական եկամուտների փաստացի կատարողականից 3 մլրդ 599 մլն 464.9 հազ. դրամով կամ շուրջ 17.7%-ով ավելի: Նախագծով նախատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում»,-ասաց նա։
Բյուջեի նախագծի համաձայն՝ հարկային եկամուտները ծրագրվել են 12 մլրդ 658 մլն 307.8 հազ. դրամի չափով կամ 2018 թվականի համար հաստատված ցուցանիշից 1 մլրդ 223 մլն 389.8 հազ. դրամով կամ 10.7%-ով ավելի: 2019 թվականին նախատեսված հարկային եկամուտները ավելին են 2017 թվականի փաստացի հավաքագրված ցուցանիշից 1 մլրդ 523 մլն 663.0 հազ. դրամով կամ 13,68%-ով:
Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 84 մլրդ 346 մլն 812.0 հազ. դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 96%-ը կամ 81 մլրդ 66 մլն 255.1 հազ. դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 5 մլրդ 803 մլն 938.9 հազ. դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով մուտքերի և ելքերի գումարը կազմում է 3 մլրդ 370 մլն հազ. դրամ։
Առավել մանրամասն՝ Երևանի 2019 է. բյուջեի մասին՝ այստեղ։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն, իր ելույթում արձանագրելով բյուջեի հետընթացը, նշեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: