«Եթե հայտարարեր, որ Ռամիլ Սաֆարովին կնշանակեն Արցախի մարզպետ, ավելի երջանիկ կզգայինք». Դավիթ Բաբայանը հեգնում է Մամեդյարովին

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հնչեցրած վերջին հայտարարությանը, թե «Բաքուն պատրաստ է ապահովել արցախահայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել», պետք է երկակի արձագանքենք:

Մեկը` կեսկատակ, այսինքն` շնորհակալություն հայտնենք պարոն Մամեդյարովին, որ Ամանորի նախաշեմին, Սուրբ ծննդյան տոների նախաշեմին այսպիսի նվեր է մատուցում Արցախի ժողովրդին, որին մենք այդքան սպասել ենք, մի քիչ նվերը, իհարկե, ոչ լիարժեք է, ոչ համապարփակ, նա պետք է նաև հայտարարեր, որ Ռամիլ Սաֆարովին կնշանակեն Արցախի մարզպետ, և դրանով մենք ավելի բավարարված կզգայինք մեզ և ավելի երջանիկ:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երկար ժամանակ է անհրաժեշտ լինելու, որ պաշտոնական Բաքուն վերանայի իր դիրքորոշումը, իսկ մինչ այդ, որպեսզի նման ցանկությունները մնան պարզապես ցանկություններ և Նոր տարվա «անակնկալներ», մենք պետք է միշտ պաշտպանենք մեր եռամիասնությունը, ամուր պահենք #Հայաստան-#Արցախ-#Սփյուռք եռամիասնությունը, ամենաբարձր մակարդակով պահպանենք մեր ԶՈւ մարտունակության աստիճանը և վարենք ճիշտ արտաքին քաղաքականություն:

Նշված ուղղություններում ճիշտ քաղաքականության շարունակությունը Ադրբեջանի այդ ցանկությունները կթողնի լոկ ցանկությունների տիրույթում»:

Տեսանյութեր

Լրահոս