Վերելակներն ավելի արագ են մաշվում, քան վերանորոգման տեմպերն են
«Այսօրվա դրությամբ Երևանում գրանցված է բնակելի շենքերում տեղակայված և շահագործվող 4642 վերելակ, որից տվյալ պահին վերջնական փորձագիտական եզրակացություն ստացել են 2938-ը, որոնցից 62-ը ստացել է փորձաքննության բացասական եզրակացություն: Մոտ 500 վերելակի փորձաքննություն այս պահին ընթացքի մեջ է, մինչև տարվա վերջ այն ևս պատրաստ կլինի,- ասաց ԱԻ վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը՝ հավելելով,- Բնակելի շենքերում տեղակայված վերելակները ժառանգություն ենք ստացել խորհրդային տարիներից, ամեն տարի աշխատանքներ իրականացվում են, Քաղաքապետարանը բյուջեից գումար է հատկացնում: 2007-2008թթ. ընդհանուր առմամբ 2000-ից ավելի վերելակներ կապիտալ վերանորոգվեցին, 30-ը հիմնովին փոխարինվեցին նորերով»:
Լուսինե Հովհաննիսյանը հայտնեց, որ վերելակներն ունեն շահագործման նորմատիվ ռեսուրսներ:
«Ընդհանուր առմամբ նախատեսված է 25 տարի, բայց վերելակներն ավելի արագ են մաշվում, քան վերանորոգման տեմպերն են: Ունենք պահեստամասերի խնդիր»,- նշեց նա: Վերելակն աշխատում է ավելի ծանրաբեռնված, քան ցանկացած տրանսպորտային միջոց, ուստի պետք է միջոցներ ձեռնարկել՝ դրանք նորով փոխարինելու համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Երևանի 2019թ. բյուջեով վերելակների վերանորոգման համար հատկացվող նվազ գումարին՝ Լուսինե Հովհաննիսյանը նկատեց.
«Միգուցե քիչ գումար են նախատեսել՝ նկատի ունենալով, որ հնարավո՞ր է վերանորոգել վերելակները: Ամեն դեպքում սա մեր ոլորտը չէ»:
Ինչ վերաբերում է թվով 62 վերելակներին, որոնք ստացել են փորձաքննության բացասական եզրակացություն, ԱԻ վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետը նշեց, որ նման եզրակացություն տրվում է այն դեպքում, եթե շահագործման դեպքում տեխնածին վթարի սպառնալիք կա: Հիմքում անվտանգության հանգույցների չգործելն է:
Հարցին՝ ինչպե՞ս մարդիկ իմանան, որ այս կամ այն շենքի վերելակից չպետք է օգտվել, Լուսինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ եզրակացություննները պարբերաբար հրապարակվում են ԱԻՆ կայքում:
«Կա ներկայացված, թե ինչպիսի՞ արտադրական օբյեկտ է, և ո՞ր հասցեում է տեղակայված, ո՞ւմ կողմից է շահագործվում: Սա ԱԻՆ-ում պարբերաբար թարմացվող տեղեկատվություն է»,- եզրափակեց ԱԻ վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետը:
Անի Կարապետյան