Ապրիլյան քառօրյա պատերազմի շուրջ կան շատ հարցեր, որոնք անհանգստացնում են. Նիկոլ Փաշինյան
Ապրիլյան քառօրյա պատերազմի շուրջ կան շատ հարցեր, որոնք անհանգստացնում են. Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ապրիլյան պատերազմի վերաբերյալ նաև այս վերջին քննարկումները ցույց տվեցին, որ շատ հարցեր կան, որոնք ինձ էլ են շատ հետաքրքրել ու անհանգստացրել, և այսօր էլ ես դրանցով զբաղվում եմ: Դա շատ կարևոր է նաև հետագայի համար, բայց ինչ ասել եմ՝ դա իրողություն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին իր խորհրդական նշանակելու որոշման շուրջ քննարկումներին ու քննադատություններին: Արշակ Կարապետյանը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, ընդգծել էր՝ նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ: Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին այդ իրադարձությունների արդյունքում գործից հանել է Սերժ Սարգսյանը, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը փաստորեն արդար դատավոր է, և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»,- ասել էր Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել էր, որ թեմայի շուրջ հնչող հարցերը վկայում են այն մասին, որ մեր հանրությունը, մենք բոլորս ունենք շատ հարցեր ապրիլյան պատերազմի վերաբերյալ: «Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է հանգիստ գտնենք այդ հարցերի պատասխանները: Դրանց այն մասը, որը հնարավոր է ներկայացնել հանրությանը, պետք է ներկայացնենք հանրությանը:
Նա հավելել էր, որ քառօրյա պատերազմի մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, և դա իմացել են բոլորը: «Ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի գնահատականներ տալ նախկինում տեղի ունեցած մանրամասների վերաբերյալ, որովհետև կարծում եմ, որ մենք այդ գնահատականները պետք է գտնենք»,- նշել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Հարցին, թե ո՞վ է առաջարկել Արշակ Կարապետյանի թեկնածությունը վարչապետի խորհրդականի պաշտոնում, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պատասխանել էր, որ ոչ ոք չի առաջարկել, ինքն է այդ որոշումը կայացրել: «Համոզված եմ, որ նա իր պարտականությունները կկատարի: Ես արդեն ասացի, որ մենք պետք է մտածենք բարձրացված գլոբալ հարցերի պատասխանները գտնելու վերաբերյալ, իսկ եթե որևէ փուլում հարցեր կծագեն, այս կարգավիճակում նա ավելի մեծ պարտավորություն կունենա հարցերին կոնկրետ պատասխանելու»,- ընդգծել էր Փաշինյանը:
Անդրադառնալով մեկնաբանություններին, թե ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել՝ Փաշինյանը նշել էր, որ այս ընթացքում բազմաթիվ բանավոր և գրավոր տեղեկություններ են ստացվում, որոնք որոշակի տեղեկություններ են և դեռ ստուգման կարիք ունեն: «Ես գիտեմ, որ այդպիսի վարկած եղել է, որը լայնորեն քննարկվել է: Մի բանում կարող եք չկասկածել, որ մեր բոլոր գործողությունները ուղղված են լինելու մեզ համար կարևոր ճշմարտությունները բացահայտելուն, եթե նույնիսկ առաջին հայացքից դրանք կարող են հակառակ տպավորություն թողնել»,- ընդգծել էր նա: