«Ուղղակի կան մարդիկ, որոնք փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա». Վալերի Օսիպյանը՝ երթևեկությունից դժգոհողների մասին
«Դժգոհություններ միշտ էլ եղել են, ուղղակի կան մարդիկ, որոնք փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա՝ ընտրելով ճանապարհային ոստիկանությունը: Բայց Ճանապարհային ոստիկանությունը, անկեղծ եմ ասում, այսօր նույնպես կաշկանդված չէ, քանի որ մենք ոչ ենք ասել կոռուպցիային: Եվ վստահեցնում եմ ձեզ, որ ՀՀ ոստիկանությունում չկա կաշառակերության որևէ դրվագ, որևէ դեպք:
Ուղղակի քաղաքացիների մոտ այնպիսի տպավորություն է, որ ինչ-ինչ բան է փոխվել, և ճանապարհային ոստիկանությունը, անգամ համացանցում ասում են, սաբոտաժ է անում, բայց ասելը քիչ է, ես էլ ասում եմ՝ Ճանապարհային ոստիկանությունն այսօր էլ հատկապես լավ է աշխատում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ՃՈ աշխատանքին ու դրանից դժոգհություններին, և հերքելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի մեղադրանքը, որ ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ՀՀ ոստիկանության անգործությունից Կենտրոնում «բարդակ է՝ հանդիպակաց են քշում համատարած, երկրորդ գիծը փակած, և մինչև երբ են սաբոտաժ անելու»:
Օսիպյանը հայտարարեց, որ ինքը ՃՈ աշխատակիցներ է հեռացրել համակարգից. «Ես եմ ազատել բոլոր այն աշխատողներին, որոնք զգացել եմ, որ չեն կարող այս փոխված իրավիճակում բարեխիղճ աշխատել»:
Դիտարկմանը՝ կաշառքի՞ կասկածներ են եղել, ոստիկանապետը պատասխանեց, որ, եթե նման կասկածներ կամ փաստեր լինեին, ներքին անվտանգության վարչությունը կզբաղվեր, համապատասխան նյութեր կպատրաստվեին ու կփոխանցվեին քննչական մարմիններին, իսկ կաշառք վերցնելու դեպքում նրանք ազատության մեջ չէին լինի:
Անդրադառնալով ամանորյա օրերին ոստիկանության աշխատանքին՝ Վ.Օսիպյանը տեղեկացրեց, որ տոնական օրերին հսկողությունը կխստացվի, արդեն իսկ մարզերից հավելյալ ուժեր են բերվել Երևան՝ ՃՈ ստորաբաժանումներից. «Ամսի 22-ին ՀՀ ոստիկանությունում ընդլայնված խորհրդակցություն տեղի կունենա, ես կտամ համապատասխան հանձնարարականներ բոլոր ստորաբաժանումներին, ոստիկանության ղեկավար կազմին ու նրանց ենթականերին, և ամսի 22-ից մենք կանցնենք էլ ավելի ուժեղացված ծառայության՝ մինչև տոն օրերից հետո»: