Հայտնաբերվել է Արեգակնային համակարգի ամենահեռավոր օբյեկտը
Մի խումբ ամերիկացի աստղագետներ նոր գաճաճ մոլորակ են հայտնաբերել Արեգակնային համակարգում: Այդ մասին հայտնել է Phys.org-ը:
Այսօրվա դրությամբ այն մեր համակարգի ամենահեռավոր օբյեկտն է: Գիտնականները, որոնք հայտնաբերել են 2018 VG18 գաճաճ մոլորակը, նրան տվել են «Farout» (անգլերեն՝ «հեռու») անվանումը: Մոլորակը գտնվումէ Արեգակից մոտավորապես 120 աստղաբաշխական միավոր հեռավորության վրա, ինչը կազմում է շուրջ 18 մլրդ կիլոմետր: Գիտնականների գնահատումների համաձայն, նրա տրամագիծը շուրջ 500 կիլոմետր է:
Ավելի վաղ «ռեկորդագիր» էր համարվում V774104 անդրնեպտունային օբյեկտը, որը հայտնաբերման պահին Արեգակից գտնվում էր մոտավորապես 103 աստղաբաշխական միավոր հեռավորության վրա: Համեմատության համար նշենք, որ Պլուտոնը գտնվում է Արեգակից 34 աստղաբաշխական միավոր հեռավորության վրա: Աստղագետները 2018 VG18-ը հայտնաբերել են՝ փորձելով հանելուկային «իքս մոլորակը» գտնել Արեգակնային համակարգի ծայրամասերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: