Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսերում առաջին անգամ իրականացված արգանդի քաղցկեղի լապարասկոպիկ վիրահատությունն անցել է բարեհաջող
Արցախում առաջին անգամ իրականացվել է լապարասկոպիկ հիստերէկտոմիա (արգանդի հեռացում) լիմֆոդիսեկցիայով (ավշային հանգույցների հեռացում) վիրահատություն:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսերի գինեկոլոգ-ուռուցքաբան Զորայր Բաղդասարյանը՝ նշելով, որ վիրահատության ժամանակ հեռացվել են նաև պահակային(sentinel lymph node (SLN)) ավշային հանգույցները։
«Վիրահատությունն անցել է բարեհաջող: Այն ցուցադրվում էր օնլայն և այն կրում էր ուսուցողական բնույթ: Վիրաբույժ ՀՀ «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը վիրահատության ընթացքում բացատրություններ է տվել և պատասխանել բժիշկների հարցերին: Այսպիսով, Արցախի օնկոգինեկոլոգիան զարգացման ևս մեկ առաջընթաց քայլ կատարեց: Այսուհետ արդեն մենք կսկսենք տեղում կատարել պահակային ավշային հանգույցների (SLN) բիոպսիա»,-ասել է Զ. Բաղդասարյանը և նման կարևոր համագործակցության համար հատուկ շնորհակալություն հայտնել «Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիա»-ի (ESGO) կողմից ճանաչված աշխարհահռչակ վիրաբույժ Արտեմ Ստեփանյանին: