«Այսօր այդ խնդիրն է դրվել ՀՀ ղեկավարության առջև թե՛ Արցախում, թե՛ ՀՀ-ում». Վովա Վարդանով

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն այսօրվա ասուլիսին անդրադարձավ Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և նշեց, որ տեղի ունեցողը կարելի է անվանել ոչ թե պաշտոնանկություններ, այլ՝ վերադասավորումներ։

«Մեր ռազմաքաղաքական և քաղաքական վերնախավն իրար մեջ մի փոքր տարաձայնություններ դրսևորեցին ընտրությունների ժամանակ։ Եթե հիշում եք՝ Սասունի հայտնի հայտարարությունը, որը վրիպում էր, քաղաքական մրցավազքի մեջ օգտագործվեց իր դեմ, ինչը բնական է, թող չվրիպեր, բայց դրա մեջ ակտիվ ռազմաքաղաքական վերնախավի արձագանքը դուրս չեկավ ՀՀ այսօրվա ղեկավարությանը, և կարծես թե այդ արձագանքին ի պատասխան են գործողությունները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրականում այդպես չէ։

«Առաջին հայացքից է այդպես երևում, և իրականում, ոնց որ թուրքերն են փոփոխություններ կատարում իրենց մոտ՝ զորքերի առումով, մեր մոտ էլ այդ վերադասավորումը տեղի է ունենում ռազմական ոլորտի վերնախավում, որի վերջնակետը կդրվի, եթե ՀՀ պաշտպանության նախարարը փոխվի։ Չնայած՝ ես չէի ուզի՝ դա տեղի ունենար, որովհետև ցանկացած պաշտպանության նախարարի կամ ռազմական բարձր պաշտոնյայի նշանակումը բերում է գոնե մի քանի ամիս պասիվ գործողության, որովհետև պետք է նորանշանակ պաշտոնյան մի քանի ամիս մտնի գործերի մեջ։ Կարծում եմ՝ դա է պատճառը, և սրանք պաշտոնանկություններ չէին, «ռակիրովկեք» էին»։

Վովա Վարդանովն ընդգծեց, որ այս փոփոխությունների ակունքում 2016թ. ապրիլյան պատերազմն է. «2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տակ ենք տվել թուրքերին, պարտվել ենք այդ գործողությունների ռաունդի ժամանակ, ու այդ պարտության պատասխանատուներին, չի բացառվում, որ հեռացնեն ռազմական նավի ղեկից։ Այսօր այդ խնդիրն է դրվել ՀՀ ղեկավարության առջև թե՛ Արցախում, թե՛ ՀՀ-ում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս