Բաժիններ՝

«Շարժման թիրախը եկեղեցու ինքնակառավարման համակարգն է». Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շարժման թիրախը եկեղեցու ինքնակառավարման համակարգն է

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 301 թվականից առ այսօր շատ փորձությունների միջով է անցել, բայց կարողացել է հարյուրամյակներ շարունակ պետություն չունեցող հայ ազգին միավորել:

Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը:

Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության մակարդակով ճանաչել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Եկեղեցին կարողացել է դիմակայել այս փորձություններին և հարվածներին, ի շնորհիվ նաև ինքնակառավարման համակարգի:

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը թվում է, թե ուղղված է անձի դեմ, բայց դա միայն առաջին հայացքից:
Իրականում, այդ շարժման թիրախում Եկեղեցու ինքնակառավարման համակարգն է (եթե նույնիսկ շարժման մասնակիցները ազնիվ մղումներով են ղեկավարվում և կարծում են, որ վնաս են տալու կոնկրետ անձի՝ Վեհափառին, ապա միևնույն է իրենց հարվածը, հաջողվելու դեպքում, վնասելու է Եկեղեցու ինքնակառավարմանը):

Ինքնակառավարումը կառավարման տեսակ է, որտեղ կառավարող սուբյեկտն ու կառավարման օբյեկտը համընկնում են, այսինքն կոնկրետ անձանց խումբն է տնօրինում իր իսկ հարցերը, ինչը Եկեղեցու դեպքում հնարավորինս պաշտպանում է արտաքին ազդեցություններից:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինը Ազգային-Եկեղեցական Ժողովն է, որն էլ լիազորված է ընտրելու Կաթողիկոսին և որոշումներ ընդունելու ազգային-եկեղեցական հիմնահարցերի, ինչպես նաև դավանաբանական, ծիսական, կանոնական և այլ կարևոր հարցերի վերաբերյալ: Այլ մարմին կամ մարդկանց խումբ չի կարող այս հարցերով որոշումներ կայացնել:

Հանրահավաքների կամ հանրային այլ միջոցառումների միջոցով չի կարելի ազդել Եկեղեցու ներքին կյանքի վրա: Այդպիսի հնարավորություն չունի և չպետք է ունենա նաև պետությունն իր իշխանություններով:

Դարեր շարունակ Եկեղեցու վրա փորձել են ազդել ոչ միայն հայրենական իշխանությունները, այլ նաև օտար պետությունները, այդ թվում՝ զավթիչները, կրոնական ծայրահեղականները, սակայն՝ ԱՊԱՐԴՅՈՒՆ:

Եթե հաջողվի քանդել Եկեղեցու ինքնակառավարման համակարգը, ապա ապագայում Եկեղեցին խոցելի կդառնա քաղաքական ցանկացած իրադարձության առջև:

Որպես քաղաքացի ես կանգնած եմ իմ Եկեղեցու կողքին:»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս