Բաժիններ՝

«Եթե ուզում ենք, որ դատավորն անկախ լինի՝ նրա հեռախոսային իրավունքը պետք է վերացվի»

«Առաջ կոռուպցիան ու թալանը գրեթե նորմալ էին դիտվում, իսկ հիմա այդպես չէ: Հասարակական գիտակցության մեջ հզոր փոփոխություն է տեղի ունեցել: Առաջ քննիչն ու ոստիկանը փող էին տալիս, որ աշխատանքի ընդունվեն, իսկ հիմա դուրս են գալիս: Փաստորեն, հասկացան, որ այն թալանով, կաշառակերությամբ զբաղվելու տեղ չէ: Այս անցումային շրջանում չափազանց մեծ դեր ունեն դատարանները: Նույնիսկ այնտեղ ենք հասել, որ դատախազին դիմում են գրել՝  պահանջելով, որ իրենց տված կաշառքի մի մասը հետ վերադարձնեն: Ցավոք, դեռ չեմ լսել, որ դատավորները դիմում գրեն ու աշխատանքից դուրս գան: Երևի դեռ լավ փողեր աշխատելու հույսեր ունեն: Ամեն դեպքում՝ այսօր ամբողջ պայքարը գնացել է դեպի դատարաններ, պետք է հստակ պատիժներ սահմանեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ այսօր դատավորների նկատմամբ ճնշումներ են գործադրվում,  Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը նկատեց.

«Իսկ անցյալում չե՞ն ճնշել: Այն ժամանակ նույնիսկ հեռախոսով գրում էին՝ այս վճիռը այս մարդու օգտին պետք է լինի: Իրենց այն ժամանակվա վախը դեռ կա: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետք է վերացնենք անցյալը, որովհետև իշխանության կամաց-կամաց գալիս են նույն մարդիկ: Դատական համակարգում մարդիկ կան, ովքեր առանց կոռուպցիայի չեն կարող:

Ունեցել ենք խաղամոլ, թմրանյութ օգտագործող դատավորներ: Նրանք տարբեր մարդկանցից խաղալու համար գումար են վերցրել: Հետո, նրանց գումար տվողներից, ասենք, փաստաբանը, եկել-ասել է՝ կամ գումարը տուր, կամ այս գործը այսպես պետք է լինի: Եղել է մեկը, ում դատավոր են նշանակել, բայց ոլորտից գաղափար չի ունեցել: Հիմնականում դատական վճիռներն օգնականն է գրում, ու հաճախ դատավորը կարող է չհասկանալ, թե ինչի՞ տակ է ստորագրում: Ունեցել ենք դեպք, երբ դատավորի վճիռը կեղծել են: Հիշենք 2006 թվականին կադաստրային չեկերի գործը:

Դատական համակարգը պետք է մաքրվի: Չի կարող կաշառք վերցնողն ասի, որ այսուհետ չի վերցնելու: Բացի այդ,  կա մի բան, որը պետք է վերացվի, դա հեռախոսային իրավունքն է: Եթե ուզում ենք, որ դատավորն անկախ լինի՝ նրա հեռախոսային իրավունքը պետք է վերացվի, որպեսզի չզանգեն»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս