Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմը պաշտոնապես ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, սակայն չի շտապում այնտեղ տեղափոխել դեսպանատունը
Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմը պաշտոնապես ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, սակայն դեսպանատունը կշարունակի գործել Թել Ավիվում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին նշել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը: Նա տեղեկացրել է, որ դեսպանատունը Թել Ավիվում կմնա այնքան, քանի դեռ տարածաշրջանում չի հաստատվում ամուր խաղաղություն:
«Մենք հույս ունենք մեր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ այն ժամանակ, երբ գործնականում քաղաքի վերջնական կարգավիճակը հստակ կլինի»,-ասել է Սքոթ Մորիսոնը:
Մի շարք երկրներ քննադատել են Ավստրալիայի որոշումը՝ նշելով, որ դա կարող է հանգեցնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման:
Ներկայում Երուսաղեմում գործում են ԱՄՆ-ի և Գվատեմալայի դեսպանատները: Պարագվայը նույնպես դեսպանատունը տեղափոխել էր Երուսաղեմ, սակայն շուտով այն վերադարձրեց Թել Ավիվ: Նոյեմբերին Երուսաղեմում բացվեց Չեխական տուն, չնայած Չեխիան դեռ չի պատրաստվում իր դեսպանատունը տեղափոխել այնտեղ: