Եմենի հակամարտության կողմերը համաձայնել են զորքերը դուրս բերել Հոդեյդայից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ Եմենի հակամարտության կողմերը համաձայնել են զորքերը դուրս բերել Հոդեյդա նավահանգստային քաղաքից: Այդ մասին դեկտեմբերի 13-ին հայտնել է Associated Press գործակալությունը:
Այդ որոշումն ընդունվել է Եմենի կառավարության ներկայացուցիչների եւ ապստամբ հուսիների միջեւ Ստոկհոլմից հյուսիս գտնվող Ռիմբո քաղաքում կայացած խաղաղ բանակցությունների արդյունքում: «Սա շատ կարեւոր քայլ է եւ իրական առաջընթաց ապագա բանակցությունների եւ զինված հակամարտության ավարտման առումով»,- ասել է Գուտերիշը՝ ելույթ ունենալով Ռիմբոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Եմենի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է 2019 թվականի հունվարի վերջին: Եմենի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունները Շվեդիայում մեկնարկել էին անցած շաբաթ: Դրանց մասնակցում են Եմենի կառավարական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Հալեդ ալ Յամանիի գլխավորությամբ, եւ ապստամբ հուսիների ներկայացուցիչները: Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014 թվականի մարտից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: