«Արտաշատի 12/1 տեղամասում մի քանի ընտրողներ քվեաթերթիկներից առանձնացրել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը՝ հայտարարելով, որ մյուսներն իրենց պետք չէ». «Անկախ դիտորդ»
2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:
Կարճաժամկետ դիտորդները կաշխատեն 300 տեղամասային ընտրական կենտրոններում և բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում:
2018թ. դեկտեմբերի 9-ին կգործի «Անկախ դիտորդի» երկու շտաբ՝ Երևանում՝ հեռ. 077 34 22 68 և Վանաձորում՝ հեռ. 0322 4 22 68:
Ժամը 18:00 դրությամբ
Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում 15/38 տեղամասում 70 MM 222 պետհամարանիշի Տոյոտա մակնիշի ավտոմեքենան պարբերաբար գտնվել է տեղամասի բակում, որի շուրջ հավաքված են եղել երիտասարդներ։ Ոստիկանությունը նրանց մի քանի անգամ հեռացրել է, սակայն նրանք կրկին վերադարձել են։ «Անկախ դիտորդը» ահազանգել է ՀՀ Ոստիկանության շտաբի թեժ գիծ։
Արտաշատի 12/1 տեղամասում մի քանի ընտրողներ իրենց տրամադրած քվեաթերթիկներից առանձնացրել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը՝ հայտարարելով, որ մյուսներն իրենց պետք չէ։
Երևանի 8/37-ում անհայտ անձը մի քանի անգամ ներս է մտել քվեասենյակ, հանձնաժողովի նախագահից ճշտել է ընտրողների մասնակցության թիվը, շփվել հանձնաժողովի անդամների հետ։ Վերջինս չի կրել որևէ վկայական։
Թիվ 6 ընտրատարածքի 6/37 ընտրական հանձնաժողովի անդամ Անի Սեթյանը քվեարկության օրը նկարել և տեղադրել է իր վկայականը Ինստագրամի իր անձնական էջում՝ նշելով #իմքայլը, դրանով խախտել է քվեարկության գաղտնիությունը։