Նիկոլ Փաշինյանը՝ Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքների մասին

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ապագա խորհրդարանում որևէ ուժի հետ իրենք կոալիցիա չեն կազմի։ Այսօր իր քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ, եթե սոցիոլոգիական հարցումներն արտահայտում են ժողովրդի կամքն ու պատկերացումները, ապա կոալիցիա չի լինի։

«Ընտրությունների արդյունքում կիմանանք` ով կլինի ընդդիմախոսը»,- ասաց նա։

Անդրադառնալով ԲՀԿ փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե մարզպետներն աշխատանք են տանում իրենց օգտին, Ն.Փաշինյանը պատասխանեց, որ, եթե կոնկրետություն լինի և ապօրինություն լինի, այլ հարց է, բայց մարզպետները բոլորը, բացի մեկից, թեկնածու են և իրենք քարոզարշավ են իրականացնում սահմանված կարգով.

«Անտրամաբանական կլիներ, եթե իրենք քարոզարշավի ընթացքում աշխատեին ուրիշ դաշինքի կամ ուրիշ ուժի օգտին։ Օրենքը թույլ է տալիս, նրանք արձակուրդում են եղել։ Մարզպետներին՝ որպես ռեյտինգային թեկնածու ներգրավել, օրենքը չի արգելում, եթե անգամ դա խոսակցության տեղիք կարող է տալ, և սահմանում է, թե նրանք ինչպես պետք է մասնակցեն»։

Ն.Փաշինյանը նշեց, որ համայնքներում իր բոլոր հանդիպումների ժամանակ քաղաքացիներին ինքն ասել է, որ որևէ մեկը չի կարող ընտրողներին ասել, թե ինչպես քվեարկեն։

Տեսանյութեր

Լրահոս